Մատչելիության հղումներ

Մակրոն. «Եթե Ռուսաստանը հաղթի, Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի»


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

«Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի այս պատերազմում։ Երկու տարի մենք օգնել ենք Ուկրաինային։ Եթե իրավիճակը վատանա, պատասխանատվությունը կընկնի Ռուսաստանի վրա», - TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ պարզաբանելով իր ավելի վաղ արած հայտարարությունը Ուկրաինա զորք ուղարկելու հեռանկարի մասին։

Ֆրանսիայի նախագահը շեշտել է՝ Ուկրաինայում պատերազմ է, որը էկզիստենցիալ նշանակություն ունի Եվրոպայի և Ֆրանսիայի համար:

Մակրոնն ընդգծել է՝ Ֆրանսիան տուժում է գազի, հացահատիկի գների և իրար հաջորդող տնտեսական շղթաների խզումների հետևանքներով և եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, ըստ Ֆրանսիայի նախագահի, «Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի։

«Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմում, բայց պետք է հստակ հայտարարենք՝ չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի։ 2024-ի սկիզբը պետք է նոր սկիզբ լինի», - ասել է Ֆրանսիայի նախագահը՝ կոչ անելով շարունակել օգնել Ուկրաինային։

«Հարկավոր է կոալիցիա ստեղծել՝ հրթիռներ և զինամթերք մատակարարելու համար», - նշել է Ֆրանսիայի նախագահը․ - «Եթե Ռուսաստանը հաղթի, ֆրանսիացիների կյանքը կփոխվի. Եվրոպայում այլևս անվտանգություն չի լինի»։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրները կարող են ապագայում զորքեր ուղարկել Ուկրաինա: Օրեր անց Ֆրանսիայի իշխանությունները պարզաբանել են, որ արևմտյան զորքը չպետք է անմիջականորեն ներգրավվի ռազմական գործողություններում:

Եվրոպական մի շարք պետություններ և Միացյալ Նահանգները մերժել են Ուկրաինա բանակ ուղարկելու գաղափարը:

Ֆրանսիայի ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մեծամասնություն են կազմում Ազգային ժողովում, նույնպես քննադատել են Մակրոնին և զգուշացրել, որ նա պետք է խուսափի նմանօրինակ հայտարարություններ հնչեցնելուց:

XS
SM
MD
LG