Մատչելիության հղումներ

Պուտինը հինգերորդ անգամ հաղթանակ տոնեց՝ ստանալով ավելի քան 87,3 տոկոս ձայն


Հաղթանակ՝ ինչպես Կրեմլն էր ծրագրավորել․ այսպես են լրատվամիջոցները բնորոշում Ռուսաստանում երեկ ավարտված ընտրությունները, որտեղ Վլադիմիր Պուտինը արդեն հինգերորդ անգամ հռչակվեց նախագահ՝ ստանալով ավելի քան 87,3 տոկոս ձայն։

Պաշտոնական տվյալներով, սա Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանի նախագահին երբևէ տրված ամենամեծ վստահության քվեն է, որն ինչպես Պուտինը բացահայտ ասաց՝ նոր թափ կհաղորդի Ուկրաինայի դեմ իր՝ արդեն երկու տարի շարունակվող պատերազմին:

«Մարդիկ եկան, որ պայմաններ ստեղծեն ներքին համախմբման, քաղաքական համախմբման համար՝ հանուն առաջընթացի։ Որպեսզի մենք այդ միասնականությամբ առավել արդյունավետ գործենք թե՛ մարտի դաշտում, թե՛ տնտեսության ու սոցիալական ոլորտներում», - նշել է նա:

Քվեարկությունից ամիսներ առաջ դեռ «Մեդուզա»-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր՝ Կրեմլն ամեն ինչ անելու է, որ Պուտինն այս անգամ 80 տոկոսից ավելի ձայն ստանա։ Դրա համար, ըստ լրագրողական հետաքննության, պետական համակարգի աշխատակիցներին պարտադրվել էր ակտիվորեն մասնակցել քվեարկությանն ու հավելյալ ձայներ ապահովել։ Արդյունքում, ըստ պաշտոնական աղբյուրների, մասնակցությունը երեկ անցել է 74 տոկոսից, ինչը ևս աննախադեպ է հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ։

Եթե հավատանք երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, քվեարկությունն աննախադեպ ակտիվ է եղել անգամ Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում, որտեղ ընտրության երեք օրերի ընթացքում հրթիռակոծությունները չէին դադարում։ Ուկրաինայից բռնազավթած շրջաններում էլ, ըստ Ռուսաստանի պաշտոնական աղբյուրների, Պուտինը ստացել է ավելի քան 90 տոկոս աջակցություն։

Արևմուտքում այս ցուցանիշները կասկածելի են որակում

Արևմուտքում այս ցուցանիշները, մեղմ ասած, կասկածելի են որակում:

«Այս ընտրություններն ակնհայտորեն ոչ ազատ էին ու ոչ էլ արդար, հաշվի առնելով, որ պարոն Պուտինն իր ընդդիմախոսներին բանտերն էր նետել, մյուսներին էլ թույլ չտվեց առաջադրվել», - հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբին։

Նույնն է պնդել նաև Եվրամիության արտգործնախարար Ջոզեպ Բորելը. - «Սրանք ազատ ու արդար ընտրություններ չէին, ԵԱՀԿ որևէ դիտորդ չի հրավիրվել, և այն անցկացվել է խիստ սահմանափակված միջավայրում։ Ավելին, այս ընտրությունը հիմնված էր ճնշումների ու հարկադրանքի վրա, որ տեղ է գտել Ուկրաինայի օկուպացված տարածքում՝ խախտելով Ուկրաինայի ինքնիշխանությունը»:

Գերմանիայի նախագահը հայտարարել է, որ շնորհավորական նամակ Պուտինին չի ուղարկելու, Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնն էլ ընդգծել է․ - «Պուտինը վերացնում է իր քաղաքական հակառակորդներին, վերահսկում է լրատվամիջոցները, հետո էլ իրեն հաղթող թագադրում։ Սա ժողովրդավարություն չէ»:

Արևմտյան որևէ երկրի առաջնորդ մինչ այս պահը Պուտինին չի շնորհավորել։ Նման ընտրություններից հետո Արևմուտքի համար դժվար կլինի ճանաչել նրան որպես լեգիտիմ նախագահ, ասում է փորձագետ, Բեռլինում գործող Քարնեգի Ռուսաստան կենտրոնի գիտաշխատող Եկատերինա Շուլմանը:

«Սա ավելի շատ Կենտրոնական Ասիայի երկրների կամ Բելառուսի ընտրություններին բնորոշ արդյունք է, ոչ թե Ռուսաստանի։ Աննախադեպ արդյունք, որը ցույց է տալիս, թե ինչ հետընթաց է ապրել Ռուսաստանը 1996 թվականից ի վեր», - նշել է փորձագետը:

Շնորհավորողներ, սակայն, կան, առաջինն այս շարքում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն է, ում լեգիտիմությունը կասկածի տակ է դրվել ԱՄՆ-ի կողմից։ Պուտինին հեռագրեր են ուղարկել նաև Չինաստանի, Իրանի նախագահները, Կուբայի, Նիկարագուայի, Բոլիվիայի, Հոնդուրասի, Հյուսիսային Կորեայի և Մյանմարի ղեկավարները, որոնց հետ Մոսկվան սերտորեն համագործակցում է զենքի մատակարարման ոլորտում։

Հյուսիսային Կորեայի ավտորիտար առաջնորդ Կիմ Չեն Ինն էլ շնորհավորանքը համեմել է հատուկ ցուցադրությամբ, և Ռուսաստանի նախագահի նվիրած «Աուրուս» լիմուզինով մի քանի շրջապտույտ արել Փհենյանում: «Սա հստակ ապացույցն է մեր երկրների միջև խորացող բարեկամության», - մեկնաբանել է Հույսիսային Կորեայի նախագահականը։

Նախկին Խորհրդային միության տարածքից այս պահին Պուտինին շնորհավորել են Կենտրոնական Ասիայի, Բելառուսի ու Ադրբեջանի ղեկավարները։ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկել։

Երեկ հրապարակված պաշտոնական արդյունքներով 71-ամյա Պուտինը կմնա Կրեմլում ևս 6 տարի՝ մինչև 2030 թվականը՝ իշխանության երկարակեցությամբ գերազանցելով անգամ սովետական բռնապետ Իոսիֆ Ստալինին:

XS
SM
MD
LG