Մատչելիության հղումներ

Դժվարությունները Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ժամանակավոր են․ Լավրով


Հայաստանի և Ռուսաստանի միջև դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և քաղաքական կամքի դեպքում դրանք կհաղթահարվեն, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով՝«հենց ռուս-հայկական կապերի կայուն և համակարգված զարգացումն է, որը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերին»։

Նշելով, որ Մոսկվայի և Երևանի միջև «տպավորիչ տեմպերով» զարգանում են առևտրատնտեսական կապերը և արդյունաբերական երկխոսությունը՝ Լավրովը դրանք երկու երկրների «հարաբերությունների հիմքն» է համարել, ինչպես նաև «կարևորագույն օգնություն՝ Հայաստանի տնտեսության կայունության և Հայաստանի բնակչության բարեկեցության համար»։

«Հայաստանն այժմ կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնք հնարավոր չէ հաղթահարել արևմտյան խաղացողների օգնությամբ»

Ռուսաստանի արտգործնախարարը Արևմուտքին կրկին մեղադրել է Հարավային Կովկասից Մոսկվային դուրս թողնելու փորձերի մեջ։

«Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ամբողջ Հարավային Կովկասին, նրանց խնդիրն է դուրս մղել Մոսկվային», - ասել է Լավրովը՝ նշելով, թե «Հայաստանն այժմ կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնք հնարավոր չէ հաղթահարել արևմտյան խաղացողների օգնությամբ:

«ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել հանրապետությունում և Հարավային Կովկասում։ Նրանց խնդիրը բոլորովին այլ է՝ դուրս մղել Մոսկվային և տարածաշրջանային մյուս ուժերին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո»։

Ըստ Լավրովի՝ «այս բարդ իրավիճակից ելքը ակնհայտ է՝ ամենաբարձր մակարդակով իրականացնել Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները»։

«ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի երկխոսության խորացումը հանգեցնելու է պաշտպանական ինքնիշխանության կորստի»

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը գիտակցում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացման պատճառով ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում պետական ինքնիշխանության կորստի սպառնալիքը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նաև հայտարարել է Սերգեյ Լավրովը։

«Հուսով եմ` Երևանը գիտակցում է, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնելու է ինքնիշխանության կորստի ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում»,- նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Ընդգծելով, որ այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների, շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, և նրա զինվորականները վերապատրաստումներ են անցնում Հյուսիսատլանտյան բլոկի մի շարք երկրներում՝ Լավրովն ասել է՝ սա չի կարող Մոսկվային չանհանգստացնել։

«Մենք բազմիցս հրավիրել ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելն է և «բաժանիր, որ տիրես» սխեմայի համաձայն մանիպուլյացիաների համար պայմաններ ստեղծելը»,- եզրափակել է Լավրովը։

Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել էր, թե Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում։

«Իմ կարծիքով, Հայաստանն արդեն սկսել է մերձենալ մեզ (ՆԱՏՕ-ին)։ Նրանք պահանջում են ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն և ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայացվածություն։ Մենք ողջունում ենք մեր գործընկերների որոշումներն՝ ի շահ տարածաշրջանի կայունությանը, դա մեզ համար շատ կարևոր է», - վրացական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել էր Կոլոմինան։

Թեև Հայաստանը բազմաթիվ դժգոհություններ ունի ՀԱՊԿ-ից, բացեիբաց հայտարարում է, որ Մոսկվան ձախողել է դաշնակցային պարտավորությունները Հայաստան ադրբեջանական ներխուժումների, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատման ժամանակ, սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններ չի արել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է՝ Հայաստանը դեպի Արևմուտք վեկտոր չի փոխում։ Պաշտոնական Երևանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ հայ ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի, նաև, որ դիվերսիֆիկացնում է անվտանգային քաղաքականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG