Մատչելիության հղումներ

Բայդենը հայտարարել է Գազայի հատվածին օդով հումանիտար օգնություն հասցնելու մասին


Ամերիկյան ինքնաթիռները սնունդ կհասցնեն Գազայի հատված, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով՝ առաջին առաքումները սպասվում են այս հանգստյան օրերին։

«Մենք պետք է ավելին անենք, իսկ Միացյալ Նահանգները կանի ավելին», - ասել է Բայդենը՝ հավելելով, որ ներկայումս Գազայի հատվածին բավարար օգնություն չի հասնում։

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է պաղեստինցիներին մարդասիրական օգնության համար ծովային միջանցք բացելու հնարավորությունը։

Ըստ Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբիի՝ առաջին ավիափոխադրումով հավանաբար չոր սնունդ կհասցվի զինվորականներին։

Ավելի վաղ Հորդանանն ու Ֆրանսիան էին օդային ճանապարհով օգնություն հասցրել Գազայի հատված։

Օրեր առաջ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել էր, որ դադարեցնում է սննդի մատակարարումը Գազա՝ պաղեստինցիների կողմից թալանի ու անձնակազմի վրա հարձակումների պատճառով: ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի ավելի քան 570 հազար բնակիչ՝ նրա ընդհանուր բնակչության մոտ մեկ քառորդը, սովի եզրին է։

ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին էլ հաղորդել էր, որ Գազայի հատվածին հումանիտար օգնության ծավալը փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, 50 տոկոսով նվազել է։

«Հուսահատ կենսապայմաններում գտնվող 2 միլիոն պաղեստինցիների հսկայական կարիքները հոգալու համար ենթադրվում էր, որ օգնությունը պետք է ավելանար և ոչ թե նվազեր», - X-ի իր էջում գրել էր Լազարինին։

XS
SM
MD
LG