Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին․ Ալիև


Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակությանը։

Ընդգծելով, թե Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հենց Բաքուն է նախաձեռնել խաղաղության բանակցությունները՝ Ալիևն ասել է, որ Բաքուն էլ մշակել է խաղաղ լուծման 5 հիմնարար սկզբունքներ ու ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը։

«Այսպիսով, եթե մենք խաղաղություն չենք ուզում, ինչո՞ւ ենք այս ամենը պատրաստել»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը Հայաստանին մեղադրել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերը, միջազգային իրավունքը, այդ թվում՝ մարդասիրական նորմերը խախտելով իր հողերը 30 տարի օկուպացիայի տակ պահելու համար»։

«Հիմա, երբ մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և վերացրեցինք անջատողականների որջը Ղարաբաղում, Ադրբեջանն է հայտնվում հարվածի տակ․ մեզ մեղադրում են Մակրոնը, Բորելը և նրանց նման մարդիկ», - ասել է Ալիևը։

Բաքուն բազմիցս Փարիզին մեղադրել է «Հայաստանին զինելու, միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ վերջին շրջանում փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։

2023 թվականին Հայաստանը և Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր կնքեցին, որով Փարիզը, մասնավորապես, GM-200 հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Երևանին։ Ֆրանսիան Հայաստանին նաև Bastion զրահամեքենաներ մատակարարեց։

Այս համագործակցությունը հարուցեց Ադրբեջանի դժգոհությունը և է՛լ ավելի սրեց լարվածությունը պաշտոնական Բաքվի և Փարիզի միջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG