Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը»․ Ադրբեջանի ԱԳՆ


«Շրջափակման» և «բռնի տեղահանվածների» մասին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը», X-ի իր էջում գրել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Նրա հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է» վերջնականապես հանեցին Ֆրանսիայի՝ բարեխիղճ և չեզոք միջնորդ լինելու դիմակները», - գրել է Հաջիզադեն։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս հայտարարությամբ է հանդես եկել՝ անընդունելի համարելով «Հայաստանին զինելու Ֆրանսիայի փորձերը, քանի որ դա տարածաշրջանում անվտանգության ռիսկեր է պարունակում»։

«Անընդունելի է Հայաստանին ամեն կերպ զինելու, նրան կրկին ագրեսիայի և ռազմական արկածախնդրության ներքաշելու Ֆրանսիայի ցանկությունը: Ֆրանսիան պետք է հասկանա, որ այդ ջանքերը, ինչպես նաև մեր տարածաշրջանում միջամտելու պատմականորեն ձեռնարկվող փորձերը, ձախողվելու են», - ասված է հայտարարությունում։

Ֆրանսիայի արտգործնախարարը երեկ է ժամանել Հայաստան։ Նա հայտարարել է, որ Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր։ Ֆրանսիացի նախարարը նաև հույս է հայտնել, որ «ԵՄ-ն և դրա անդամները կսկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս, որ ցանկացած գործողություն, որ կսպառնա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, շատ հստակ ու կոշտ արձագանքի կարժանանա։

Ֆրանսիայի արտգործնախարարի գնահատմամբ, «Լեռնային Ղարաբաղի հայերը լքել են իրենց տները Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով և Ռուսաստանի մեղսակցությամբ ինչպես նաև 9 ամիս անօրինական շրջափակումից հետո»։ Կոլոննան ընդգծել է, որ շրջափակումն անօրինական էր, և Արդարադատության միջազգային դատարանը դեռ փետրվարին էր պահանջել բացել միջանցքը։

XS
SM
MD
LG