Մատչելիության հղումներ

«Մեծ հավանականությամբ կմասնակցեմ 2026-ի ընտրություններին». Քոչարյան


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից: 2026-ի համապետական ընտրություններին էլ հավանաբար կմասնակցի: Նախընտրական ծրագրերի մասին Քոչարյանը պատմել է իր աջակիցների հետ փակ հանդիպմանը:

«Վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ նաև կմասնակցեմ», - ասել է նա:

Սերժ Սարգսյանի ու Փաշինյանի իշխանությունների օրոք մարդու իրավունքների պաշտպան աշխատած Արման Թաթոյանը, որ 2026-ին պայքարելու է վարչապետի պաշտոնի համար, առաջարկում է՝ նախկին նախագահները հեռանան ընտրապայքարից, որ Փաշինյանը չհաղթի: Քոչարյանը չի հավատում, որ Թաթոյանի այս առաջարկը ազնիվ է ու Փաշինյանի իշխանությունը տապալելու նպատակով:

«Ի՞նչ է ուզում Արման Թաթոյանը, ես չգիտեմ: Կա մի խոսույթ նախկինների ու ներկաների, որը Նիկոլ Փաշինյանի մոտ հիմնական զենքերից մեկն էր՝ 18 թվականից հիշում եք նախկին, նախկին: Դա հասարակությունը բաժանելու, իրար թշնամացնելու գործիքակազմ էր: Ակնհայտ է նաև, որ այս գործիքն այսօր շատ ավելի թույլ է: Ամենից մեծ բացասական վարկանիշը, այսօր բոլոր հարցումներով, ունի Նիկոլ Փաշինյանը ու չվերականգնվող վարկանիշ: Հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով է այդ խոսույթը բերում քննարկման օրակարգ», - նշել է Քոչարյանը:

Խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդի տպավորությամբ՝ Արման Թաթոյանն այլ մոտիվացիա ունի. «Մարդկանց թվում է, թե դրանով իրենք կարող են մեր ձայներից ինչ-որ մասը վերցնել, լավ, 2 տոկոս տարար, հետո՞, մեր ձայների հաշվին հայտնվել Ազգային ժողովում, հայտնվեցիր, բայց դու լրացուցիչ ներդրում չես բերում դրանով իշխանափոխության համար, եթե նպատակն իսկապես դա է: Այստեղ ինձ մոտ ևս կասկածներ են առաջանում, թե նպատակն իսկապես դա է»:

Համապետական ընտրություններին 6-7 ամիս է մնացել, նախկիններից Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը դեռ ուղիղ չի հայտարարել՝ մասնակցելու են ընտրություններին, թե ոչ: Դեռ հունիսից Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց են նախաձեռնել, ու տեղաշարժ չկա:

Թերևս ամենաակտիվն ընտրություններին պատրաստվում է իշխող ուժը, շուտով ընտրացուցակը կամբողջացնեն, թեկնածուների առաջադրումների փուլն արդեն ավարտել են: Վստահ են, որ 2021-ի նման մեծամասնության վստահության քվեն կստանան:

Քոչարյանը համոզված է՝ գործող իշխանության վարկանիշն ընկել է, հարձակվել են ազգային ինքնության սյուների վրա, ստում են:

«Անվտանգությունն ուղղակի քայքայում են, քայքայում են բանակը, արդեն ենթադրաբար քայքայել են ռազմաքաղաքական դաշնակցությունը: Ինչ է արվում ազգային ինքնության հետ՝ տեսնում եք», - ասել է ընդդիմադիր դաշինքի առաջնորդը:

Նա զարմացած է, որ այդքանից հետո Փաշինյանը դեռ կողմնակիցներ ունի:

«Ինձ համար ամենից հայտնաբերությունը նա էր, որ մեծ հասարակությունը չափազանց հանդուրժող է ստի նկատմամբ. մարդու կարելի է ամեն օր հազար անգամ ստի վրա բռնել, և մարդը դեռ շարունակում է ունենալ լուրջ քանակի կողմնակիցներ: Ինձ համար սա որոշակի շոկի պես բան էր», - նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ Փաշինյանը թոկ է ՀՀ վզին, և այդ թոկից պետք է ազատվել:


XS
SM
MD
LG