Մատչելիության հղումներ

Կշարունակենք համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Մակրոնը՝ Փաշինյանին


Կշարունակենք համագործակցությունը պաշտպանության ոլորտում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար, և Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում պատասխանատվության ոգով, չցանկանալով որևիցե էսկալացիա», - հայտարարեց Մակրոնը:

Էմանյուել Մակրոնը, անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանը, հայտարարեց՝ «Հայաստանը պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից»:

«Հայաստանը և Եվրամիությունը ցանկանում են նոր գործընկերության ժամանակացույց: Բառերից այն կողմ Ֆրանսիան Հայաստանի կողքին է, որովհետև արդարությունը, արդարադատությունը, ազատությունը և միջազգային իրավունքը մեզ համար կարևոր են», - ընդգծեց Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը հավաստիացրեց՝ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին։

«Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչը հիմք կծառայի սահմանից ուժերի երկուստեք հետքաշման համար», - նշեց Էմանյուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը Բաքվից պահանջեց նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ իրենց տները վերադառնալու իրավունքը՝ «արագ, անարգել և անվտանգ»:

«Անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները ևս լինեն ինտեգրման գործոններ և ոչ թե պառակտման: Ես ցանկանում եմ, որպեսզի Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Եվրամիության միջև հաղորդակցական կապերը զարգանան, ու ողջունում եմ այս ընդհանուր հավակնության մեջ Ձեր՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ներդրումը», - հավելեց նա:

Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերությունների վերաբերյալ հնչող քննադատություններին, հայտարարեց՝ Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություն առաջացնել:

«Մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է ու միայն ՀՀ լեգիտիմ ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանները, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելն է և մեր երկրի դիմադրողականությունը բարձրացնելն է», - ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև Եվրամիության հետ հարաբերություններին, ընդգծեց Ֆրանսիայի աջակցություն այս գործում:

«Եվրամիությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներում ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար ունի առանցքային նշանակություն», - ընդգծեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին հրավիրեց այս տարի սեպտեմբերին այցելել Հայաստան:

XS
SM
MD
LG