Մատչելիության հղումներ

«Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին»․ Փաշինյան


«Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին», - Գավառում, կուսակիցների առջև ելույթ ունենալով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ ամենաբարձր մակարդակով Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Առաջին տպավարություն այն է, որ, ի հեճուկս այս պայմանավորվածությունների, Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի նկատմամբ, ինչն անընդունելի է», - ասաց վարչապետը։

Խոսելով խախտված պայմանավորվածությունների մասին՝ Փաշինյանն ընդգծեց՝ սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է հիմնված լինեն 1991-ի Ալմաթիի հռչակագրի վրա, այսինքն՝ նոր սահման ստեղծել պետք չէ։

«Սահմանների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ, դելիմիտացիայի հանձնաժողովները պետք է գնան ոչ թե սահման ստեղծեն, այլ պետք է վերարտահայտեն, վերարտադրեն այն սահմանները, որոնք գոյություն են ունցել 1991-ին Ալմա-Աթայի հռչակագիրը ընդունելու պահին», - ասաց Փաշինյանը։

«Ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Նախիջևանի և Ադրբեջանի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել էդ կապը»

Անընդունելի համարելով Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ գեներացնելու փորձերը՝ Փաշինյանը նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ որակեց «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարությունները։

«Որպեսզի այս բառային խաղերից դուրս գանք, մենք ի՞նչ ենք ասում՝ ասում ենք՝ ինչ պայմանով Իրանի Իսլամական Հանրապետությունը տրամադրում է կապ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս հատվածի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել էդ կապը՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը՝ ճանապարհները և սահմանները պետք է բացվեն, բայց հիմնվելով երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների վրա։

«Ընդ որում, Ադրբեջանն ասում է՝ մենք ուզում ենք անխոչընդոտ տեղաշարժ։ Մենք դեմ չենք անխոչընդոտ տեղաշարժին, բայց անխոչընդոտ տեղաշարժը չի նշանակում օրենսդրության շրջանցմամբ տեղաշարժ», - ասաց Փաշինյանը։

«ՌԴ-ն ու Ադրբեջանն իրենց գործողություններով ցույց են տվել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այլևս գոյություն չունի»


Արձագանքելով Ալիևի այն պնդումներին, թե Հայաստանը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է անխոչընդոտ կապ տրամադրել Ադրբեջանին, Փաշինյան հակադարձեց՝ այդ եռակողմ հայտարարության կողմերից երկուսը, փաստաթղթի ստորագրման պահից սկսած մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, իրենց գործողություններով ցույց են տվել, որ այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունի։

«Այն գործողությունները, որ ձեռնարկվել են Լեռնային Ղարաբաղում, ընդ որում Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի մասնակցությամբ, դա վկայությունն է այն բանի, որ իրենց համար այդ փաստաթուղթը գոյություն չունի։ Չի կարող այդպես լինել, որ երկու կողմի համար այդ փաստաթուղթն այլևս չկա, երրորդ կողմի համար էդ փաստաթուղթը շարունակի գոյություն ունենալ։ Եվ հետո Ադրբեջանից ինչ են ասում, ասում են՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ մենք հասանք նրան, որ արձանագրվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» և որ Ռուսաստանի Դաշնությունն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ էդ երկուսից ոչ մեկը չկա գրած։ Ոչ մի տեղ գրած չէ, որ ՌԴ-ն Հայաստանի որևէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի։ Էլ չեմ ասում Ադրբեջանը արդեն երեք տարի «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթ է զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։ Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում գրված է․ - «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինները»։

«Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր»


Փաշինյանը կուսակիցների հետ հանդիպմանը չշրջանցեց նաև անկլավների թեման, ինչի մասին օրերս կրկին խոսել էր Ադրբեջանի նախագահը։

Ալիևը Հայաստանից պահանաջել էր վերադարձնել «օկուպացված ութ գյուղերը», նշելով, որ մշտապես քննարկում է այդ հարցը Հայաստանի վարչապետ հետ։

«Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր, որոնց կենսական նշանակության տարածքներն օկուպացված են, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում։ Մենք քանի որ հավատարիմ ենք Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև օկուպացված տարածքներ պետք է չլինեն, հետևաբար այնտեղ, որտեղ պարզվի, որ Հայաստանն է ինչ-որ տարածքներ հսկողության տակ պահում, որը դե յուրե պատկանում է Ադրբեջանին, Հայաստանը պետք է այդ տարածքներից դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են Հայաստանին և Ադրբեջանն է պահում տիրապետության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա։ Բայց սա գործնականում հնարավոր չէ իրագործել՝ առանց փոխադարձ համաձայնեցված քարտեզի, որովհետև ինչպե՞ս որոշենք՝ էս տարածքը Հայաստանի տարածքն է, թե՞ Ադրբեջանի։ Դրա համար մի ձև կա՝ քաղաքական առումով հենվել 1991 թվականի Ալմա-Աթիի հռչակագրի վրա», - ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց նաև Հայաստանի կողմից Ֆրանսիայից կամ Հնդկաստանից զենք ձեռք բերելու շուրջ Բաքվից հնչող քննադատություններին, պնդելով՝ ցանակացած երկիր ունի բանակ ունենալու իրավունք և ոչ ոք չի կարող դա կասկածի տակ դնել։

Ըստ Հայաստանի վարչապետի՝ կողմերի մտահգություները փարատելու համար պետք է խաղաղության այնպիսի պայմանագիր կնքել, որը կկանխի պատերազմի հնարավորությունը։

«Բայց երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով, տպավորություն ենք ստանում, թե փորձ է արվում ստեղծել մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվի հետագա պատերազմները։ Սա տրամաբանությունից դուրս է», - եզրափակեց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG