Ֆրանսիայի հետ ոչ թե ռազմական դաշինք կազմելու, այլ ռազմատեխնիկական համագործակցության, այդ թվում՝ զենք ձեռքբերելու պայմանագիր կստորագրվի, «Ազատության» հետ զրույցում որոշ փակագծեր բացեց Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր կնքելու՝ Փարիզի որոշման մասին երեկ Երևանում հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։
Արմեն Խաչատրյանն ասում էր՝ Հայաստանը Ֆրանսիայից զենք դեռ չի ստացել։ Իսկ ի՞նչ զենք է ակնկալում՝ պաշտպանողական, թե նաև հարձակողական, Խաչատրյանի խոսքով՝ Ֆրանսիայի հետ բանակցություններում կլինի նաև հակաօդային պաշտպանության նոր համակարգեր ձեռք բերելու հարցը։
«Պաշտպանական զինատեսակների մասին կարող է խոսքը լինել, ռազմաուսումնական հաստատություններում սպայական բազային կրթությամբ կադրերի պատրաստելը, օրինակ, Ֆրանսիայի հետ: Հակաօդային պաշտպանությունն այսօր մեր կարևորագույն բացերից ու խնդիրներից մեկն է, հատկապես 44-օրյա պատերազմից և անցած տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո: Անցած տարի սեպտեմբերին էլ խոցվեցին մեր հակաօդային պաշտպանության օբյեկտներից: Այն, ինչը եղել է այսօրվա պայմաններին չի բավարարում», - ասաց Խաչատրյանը
«Ազատության» հարցին՝ սա էլ է Ֆրանսիայի հետ բանակցությունների թեմա՞, իշխանական պատգամավորը պատասխանեց. - «Իհարկե, բանակցություններում այս թեման կլինի, բայց որևէ մեկի հետ բանակցելը չի բացառում մյուսների հետ բանակցությունները»:
Հարցին էլ՝ եթե Հայաստանին վտանգ սպառնա, Ֆրանսիան հասնելո՞ւ է օգնության, նա արձագանքեց. - «Ոչ, ռազմական դաշինքի մասին խոսք չկա, ընդամենը ռազմատեխնիկական փոխհամագործակցության սկիզբ է սա»:
Իսկ զենքն անվճար է տրամադրվելո՞ւ, թե Հայաստանը պետք է վճարի զենքի համար, Խաչատրյանն ասաց . - «Զենքի ձեռքբերման մեջ նվերներ չեն լինում, իհարկե, ամեն ինչի համար Հայաստանի Հանրապետությունը վճարում է: Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է վճարել: Զենքի ձեռքբերման պրոցեսները բավականին բարդ են ամբողջ աշխարհում, և մի շարք պրոցեսներ պետք է անցնեն, որպեսզի այդ գործընթացները ռեալ առարկայական դառնան, գուցե մեկ տարի:
Ընդդիմադիրները ևս կարևորում են Ֆրանսիայից ռազմական տեխնիկայի մատակարարման պայմանավորվածությունը:
«Հայաստանը նոր փորձությունների առաջ է և դրան պետք է դիմակայել սպառազինված, նորմալ բանակով: Այլ հարց է, որ բանակը միայն սպառազինությունը չէ, միայն մարդիկ չեն, բանակը ենթադրում է ճիշտ կառավարում, ենթադրում է ճիշտ մարտավարական ու ռազմավարական խնդիրների առաջադրում ու լուծում, ինչն այս իշխանության պարագայում ես բացառում եմ», - ասաց «Պատիվ ունեմից» Տիգրան Աբրահամյանը:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ ասում էր՝ Փարիզը ռազմատեխնիկական համագործակցության նախապայման չի դարձրել Մոսկվայի առաջնորդած ՀԱՊԿ-ից դուրս գալը։
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է՝ Ռուսաստանի գործընկերները բարոյական իրավունք չունեն ասելու՝ ինչո՞ւ է Հայաստանը համագործակցում այլ երկրների հետ։ Զենքի 99 տոկոսն, ըստ Խաչատրյանի, Հայաստանը ձեռք էր բերում Ռուսաստանից, ինչը վերջին տարիներին անհնար է դարձել։ Հաշվի առնելով թե՛ ռազմական, թե՛ տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, Մոսկվայի բացասական արձագանքի դեպքում անվտանգության բարձիկները ստեղծվա՞ծ են, հաշվարկներ կա՞ն։
«Իհարկե, ցանկացած բան էլ հաշվարկում եք, բայց հիմա գերակա խնդիրը մեր պաշտպանունակության բարձրացումն է, խոչընդոտները պետք է հաղթահարենք անգամ զրկանքների գնով», - ընդգծեց նա:
Ադրբեջանի հետ խաղաղությունը շատ մոտ համարող իշխանության ներկայացուցիչը միևնույն ժամանակ Հայաստանի նկատմամբ ագրեսիան այսօր ռեալ համարեց: Խաչատրյանը վստահեցնում էր՝ Հայաստանը ձգտելու է ընդլայնել համագործակցությունը արևմտյան երկրների հետ։
Մինչ այդ, անվտանգության ոլորտում Ֆրանսիայից մեծ ակնկալիքների ֆոնին քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը բարձրացնում է զենքի տեղափոխման հարցը. Հայաստանն ու Ֆրանսիան չունեն ընդհանուր սահման, իսկ լոգիստիկ հնարավորությունները կախված են Վրաստանից ու Իրանից։
«Ողջունելիությամբ հանդերձ հարց է առաջանում, թե որքանով արդյունավետ կարող է լինել ֆրանսիական ուղղությունը, եթե այդ ուղղությամբ շահերը համադրելի չլինեն, օրինակ, Իրանի շահերի ու պատկերացումների հետ կամ Վրաստանի, որն իր հերթին Ադրբեջանի և Թուրքիայի բավականին մեծ ազդեցության տակ է», - ասաց Բադալյանը:
Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո նաև Հնդկաստանի հետ է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում, մանրամասներ, սակայն, պաշտոնական աղբյուրները չեն բացահայտել։