Մատչելիության հղումներ

Նավալնիի ընտանիքը փորձում է ստանալ գաղութում մահացած քաղաքական գործչի մարմինը


Մինչ ռուսական ընդդիմությունը համախմբվում է Նավալնիի կնոջ՝ Յուլիա Նավալնայաի շուրջ, Նավալնիի ընտանիքը փորձում է ստանալ գաղութում մահացած քաղաքական գործչի մարմինը:

Ընդորում՝ ոչ Նավալնիի կինը, ոչ էլ նրա եղբայրը չեն կարող ժամանել Ռուսաստան, նրանց պարզապես միանգամից կձերբակալեն։ Նախօրեին Ներքին գործերի նախարարությունը Ռուսաստանից հեռացած Օլեգ Նավալնիի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարել։

Մինչ այդ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, Սալեխարդի քաղաքային դատարանն ընդդեմ Ռուսաստանի քննչական կոմիտեի հայց է ներկայացրել․ նա բողոքում է, որ իրեն չեն տվել գաղութում մահացած որդու մարմինը։
Երեկ քաղաքական գործչի մայրը ձայնագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումը, որում նա պահանջում է, որ որդու մարմինն իրեն հանձնեն: «Հարցի լուծումը կախված է միայն Ձեզանից», - պնդել է ուղերձում Լյուդմիլա Նավալնայան:

Քննչական կոմիտեն հրաժարվում է հանձնել Ալեքսեյ Նավալնիի մարմինը՝ պատճառաբանելով, որ հետաքննություն է անցկացնում նրա մահվան կապակցությամբ։ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը փետրվարի 19-ին հայտնել է, որ Քննչական կոմիտեն երկարաձգել է ստուգումը առնվազն երկու շաբաթով, ինչը նշանակում է, որ այն կավարտվի մարտի 3-ից ոչ շուտ։ Նավալնիի թիմակից Իրինա Ֆատևան կարծում է, որ իշխանությունները դեռ երկար ժամանակ նրա մարմինը չեն տա հարազատներին:

Նավալնու և՛ հարազատները, և՛ թիմակիցները, և՛ արևմտյան առաջնորդները պնդում են՝ նրա մահվան համար պատասխանատու է Պուտինը։ Ինքը՝ Ռուսաստանի նախագահը մինչ օրս որևէ ձևով Նավալնու մահը չի մեկնաբանել։

Մինչդեռ Միացյալ Նահանգները երեկ հայտարարեց Նավանիի մահվան և Ուկրաինայում երկամյա պատերազմի հետ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր մեծ փաթեթի մասին։ Նախագահ Բայդենը լրագրողներին ասաց, որ այն կհրապարակեն փետրվարի 23-ին:

«ԱՄՆ-ն ուրբաթ օրը կհայտարարի Ռուսաստանի դեմ խոշոր փաթեթի մասին», - նշել է Բայդենը:

Ավելի վաղ մոտալուտ պատժամիջոցների մասին՝ նույնպես առանց լրացուցիչ մանրամասների հայտարարել էր Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին։

«Պարզ է, որ նախագահ Պուտինն ու նրա կառավարությունը պատասխանատու են պարոն Նավալնիի մահվան համար», - ընդգծել է նա:

Քիրբին հավելել է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը փորձում է ավելի շատ տեղեկություններ ստանալ Նավալնիի մահվան մասին։

Ռուսաստանի իշխանությունները Նավալնիի մահվան մասին հայտարարել են փետրվարի 16-ին։ Քրեակատարողական դաշնային ծառայության տվյալներով՝ ընդդիմադիրը, ով իր պատիժն էր կրում «Բևեռային գայլ» հատուկ ռեժիմի գաղութում, մահացել է կեսօրին՝ զբոսանքից հետո։ Մահվանից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկեցին սովորական խցերից էլ ավելի խիստ պայմաններով պատժախուց։

Մեծ Բրիտանիան առաջինը պատժամիջոցներ սահմանեց ի պատասխան Նավալնիի մահվան «Բևեռային գայլ» գաղութի աշխատակիցների նկատմամբ։

Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների են ենթարկվել գաղութի ղեկավարներից վեց մարդ, այդ թվում՝ հաստատության ղեկավար Վադիմ Կալինինը։

Նավալնու մահից հետո արևմտյան առաջնորդներն՝ էլ ավելի են կոշտացրել Ռուսաստանի և Պուտինի մասին հայտարարությունները՝ պնդելով, թե Մոսկվան պետք է պարտվի Ուկրաինայի դեմ պատերազմում նաև հանուն Նավալնու: Նման հայտարարություն «Ազատության» Настоящее Время նախագծի եթերում արել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Եվ ես խորապես հավատում եմ, որ Ալեքսեյ Նավալնիի հիշատակը հարգելու լավագույն միջոցն այն է, որ նախագահ Պուտինը չհաղթի մարտի դաշտում, այլ հաղթի Ուկրաինան», - նշել է Ստոլտենբերգը:

Արևմուտքը նաև բարձրաձայնում է ռուսական կալանավայրերում պահվող մյուս քաղբանտարկյաների հարցը: Ռուսական բանտում Ալեքսեյ Նավալնիի մահից հետո Ֆրանսիայի իշխանությունները, մասնավորապես, կոչ են արել անհապաղ ազատ արձակել Ռուսաստանում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին՝ առանց որևէ նախապայմանի։

Փարիզը հատկապես մտահոգված է Կրեմլի և անձամբ Պուտինի ամենահայտնի քննադատներից մեկի Վլադիմիր Կարա-Մուրզայի ճակատագրով, ով անցած տարի դավաճանության մեղադրանքով դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG