Կրեմլը Պուտինի մրցակից չի համարում նախագահի պաշտոնում առաջադրվելու համար ստորագրություններ հավաքող Բորիս Նադեժդինին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը։
Պետդումայի նախկին պատգամավոր Բորիս Նադեժդինը մարտին կայանալիք նախագահական ընտրությունների միակ թեկնածուն է, որը հրապարակավ դեմ է արտահայտվում պատերազմին։
«Ես ի սկզբանե դեմ էի «հատուկ ռազմական գործողությանը» և ռուսական բոլոր հեռուստաալիքներով ասում էի, որ դա ճակատագրական սխալ է և աղետալի որոշում», - ասում է նա։
Ռուսական ընդդիմությունն, ի դեպ, Նադեժդինին քննադատում էր դաշնային հեռուստաընկերությունների քարոզչական եթերներին մասնակցելու համար։ Մի մասն էլ կասկածում էր, թե նա Կրեմլի մարդն է և Կրեմլի պատվերն է կատարում։ Ամեն ինչ փոխվեց, սակայն, երբ լրագրող Եկատերինա Դունցովային չգրանցելուց հետո անձամբ Դունցովան, արտասահմանում ապրող Միխայիլ Խոդդորկովսկին և բանտարկված Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները կոչ արեցին ռուսաստանցիներին օգնել Նադեժդինին հավաքել գրանցվելու համար պահանջվող հարյուր հազար ստորագրությունը։
Նադեժդինը ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարեց անցած դեկտեմբերի վերջին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան թույլատրեց ստորագրահավաքը սկսել դեկտեմբերի 28-ին։
Առաջին երեք շաբաթվա ընթացքում Նադեժդինի կողմնակիցներին հաջողվել էր հավաքել ընդամենը 25 հազար ստորագրություն։ Բայց երբ նրան սկսեցին հայտնի ընդդիմադիր գործիչներն աջակցել, ստորագրությունների թիվը սկսեց կտրուկ աճել, ստորագրահավաքի կետերում էլ հերթեր առաջացան։
Հունվարի 23-ին Նադեժդինի կայքում տեղեկություն հայտնվեց, որ նա հավաքել է 100 հազար ստորագրություն, սակայն ստորագրահավաքը կշարունակվի Ռուսաստանի տարբեր մարզերում ու արտասահմանում ապրող ռուսաստանցիների շրջանում։
Երևանում այսօր Նադեժդինի օգտին ստորագրող ռուսաստանցիների մի մասն ասում է՝ Պուտինի հավանական մրցակցի մասին տեղեկացել են բոլորովին վերջերս՝ մյուս ընդդիմադիրների կոչից հետո։
«Ամբողջ ընդդիմադիր դաշտը ակտիվ կոչ է անում մեզ՝ գնացեք և ստորագրեք Նադեժդինի օգտին, որ ցուցակներում լինի պատերազմի դեմ թեկնածուի անունը», - ասում է հայաստանաբնակ ռուսներից մեկը։
Կամավոր Ալպատ Սոլտինբեկովան ասում է՝ ստիպված են Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի գրանցում ունեցողներին հետ ուղարկել, նրանց ստորագրությունների կարիքն այլևս չկա, հավաքվել է ավելին, քան պետք է, իսկ Ռուսաստանի տարբեր մարզերի բնակիչներին հրավիրում են սեղանների մոտ և մանրամասն բացատրում, թե ինչպես պետք է լրացնեն թերթիկը։
Առաջադրվելու համար Նադեժդինը պետք է ստորագրություններ ներկայացնի Ռուսաստանի մարզերի ավելի քան կեսից, իսկ մեկ մարզից ստորագրությունների թիվը չի կարող գերազանցել 2500-ը։
Երևանաբնակ ռուսաստանցիները կասկածում են, որ ԿԸՀ-ն կգրանցի Նադեժդինին, բայց միևնույն է՝ գալիս են ու ստորագրում։
«Չգրանցելու համար նրանք, իհարկե, միշտ էլ առիթ կգտնեն։ Այստեղ կարևոր է ցույց տալ, որ ռուսաստանցիները փոփոխություններ են ուզում։ Դուք երբևիցե տեսե՞լ եք այսպիսի հերթեր Պուտինի օգտին ստորագրությունների համար։ Հաստատ չեք տեսել, սովորաբար նրանք բերում են պետական ծառայողներին և վերջ, իսկ այստեղ ոչ ոք չի ստիպում, բայց մարդիկ գալիս ու գալիս են», - ասում է մեկ այլ քաղաքացի։
Ստորագրահավաքն ավարտվում է հունվարի 31-ին։ Թեկնածուների գրանցման մասին ԿԸՀ-ն կհայտարարի մինչև փետրվարի 10-ը։ Այս պահին Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում է 11 թեկնածու։ Մարտի 15-ից 17-ը անցկացվելիք ընտրություններն արդեն անկախ դիտորդներն ու փորձագետները գնահատում են անազատ և անարդար։