Բորիս Նադեժդինի նախընտրական շտաբի տվյալներով՝ Ռուսաստանում այժմ ավելի քան 180 հազար ստորագրություն է հավաքվել նրա օգտին։ Առաջադրման համար անհրաժեշտ է հարյուր հազար, չնայած դրան՝ ստորագրահավաքը շարունակվում է։
Մոսկվայում, օրինակ, կրկին մեծ հերթեր են, ստորագրելու են գալիս Ռուսաստանի տարբեր շրջաններում գրանցված մարդիկ։
Պետդումայի նախկին պատգամավոր, ընդդիմադիր Բորիս Նադեժդինը նախագահական ընտրություններին մասնակցելու համար պետք է մինչև հունվարի 31-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնի ստորագրություններ 40 մարզերից, յուրաքանչյուր մարզից՝ ոչ ավելի քան 2 հազար 500։
Ինքը՝ Նադեժդինն ասում է, թե ուշադիր ստուգում են բոլոր ստորագրությունները անճշտություններից խուսափելու համար, որպեսզի հիմք չտան իշխանություններին այդ պատճառով նրա թեկնածության գրանցումը մերժել։ Փորձագետները, սակայն, ասում են՝ կարևոր չէ, թե ինչ ստորագրություններ է ներկայացնելու ընդդիմադիր քաղաքական գործիչը, կարևոր է՝ ինչ որոշում է կայացրել կամ կայացնելու Կրեմլը նրա մասնակցության վերաբերյալ։
Ռուսական մի քանի անկախ մեդիաներ, հղում անելով իրենց աղբյուրներին, պնդում են, թե Կրեմլը չի ուզում, որ Նադեժդինը մասնակցի նախագահական ընտրություններին։
«Можем объяснить» ալիքը, մասնավորապես, գրում է, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմն իբր խորհուրդ է տվել ԿԸՀ-ին չընդունել ստորագրությունները և չգրանցել Նադեժդինին որպես թեկնածու, թեև նախկինում դեմ չէր նրա մասնակցությանը ընտրություններին։ Նադեժդինը սա չի մեկնաբանել, իսկ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկու օր առաջ հայտարարել էր, թե Կրեմլը Բորիս Նադեժդինին Վլադիմիր Պուտինի մրցակից չի համարում։
Meduza-ն էլ, հղում անելով նախագահի աշխատակազմին մոտ կանգնած իր զրուցակիցներին, այսօր գրել է, թե Կրեմլը ցանկանում է, որ ինքը՝ Նադեժդինը, հրաժարվի ստորագրություններ ներկայացնել ԿԸՀ և բացատրի դա նրանով, թե իբր շատ ստորագրություններ թերի են, կամ չեն կարողացել հավաքել մարզային քվոտան։
Meduza-ն գրում է, թե Կրեմլը նույնիսկ պատրաստ է դրա դիմաց ինչ-որ պաշտոն առաջարկել նրան։
«Նախագահի վարչակազմը սկզբունքորեն չի ուզում տեսնել ընտրաթերթիկում մի թեկնածուի, որը հրապարակավ քննադատում է Պուտինի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի։ Կրեմլում հասկանում են, որ Ռուսաստանում կա մի զանգված, որն ուզում է՝ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, և մտավախություն ունի, որ ռուսաստանցիները կարող են համախմբվել այդ օրակարգի շուրջ», - գրում է կայքը։
Ավելի վաղ Meduza-ն գրել էր, թե Կրեմլում ուզում են, որ Պուտինն այս տարի ընտրություններին ունենա ռեկորդային արդյունքներ և ստանա ձայների մոտ 80 տոկոսը, իսկ պատերազմի դեմ թեկնածուն կարող է խանգարել այս պլաններին։
Միաժամանակ Meduza-ի՝ նախագահականին մոտ կանգնած աղբյուրն ասում է, թե Կրեմլը չի վախենում բողոքի ցույցերից, եթե Նադեժդինին չգրանցեն։
«Եկատերինա Դունցովային այժմ բոլորը մոռացել են, և բողոքի ակցիաներ չեն եղել։ Այստեղ էլ [չի լինի]»,- վստահ է նա։
Ընդ որում, նույն լրատվամիջոցը գրում է, թե ամիսներ առաջ Կրեմլում ուզում էին գտնել համակարգից դուրս մի լիբերալ թեկնածուի, որը կհավաքեր երկու-երեք տոկոս՝ ցույց տալու Արևմուտքին, որ Ռուսաստանում կան ազատ ընտրություններ, սակայն ռուսաստանցիները այդ լիբերալ գաղափարները չեն ընդունում և համախմբված են իրենց առաջնորդ Պուտինի շուրջ։
Ամեն դեպքում երկու աղբյուրն էլ գրել են, որ Կրեմլն անհանգստացած է Նադեժդինի օգտին ստորագրահավաքին մասնակցել ցանկացողների հերթերից և նրա շուրջ լիբերալների համախմբումից։
Եվ արտերկրում ապրող Միխայիլ Խոդորկովսկին, և հեռավոր հյուսիսում կալանավայրում գտնվող Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները, և անկախ լրագրող Եկատերինա Դունցովան, ում ավելի վաղ թույլ չտվեցին առաջադրվել, կոչ են արել ռուսաստանիցներին մասնակցել Նադեժդինի օգտին սոորագրահավաքին, քանի որ նա միակ թեկնածուն է, որը պատերազմին և Պուտինին դեմ է հանդես գալիս։
Այսօր Նադեժդինի օգտին հայտարարություն է տարածել հայտնի ռոք երաժիշտ Յուրի Շեվչուկը։
«Ես ուզում եմ՝ խաղաղություն լինի, դրա համար ինչպես և շատերը իմ ձայնը տալիս եմ Բորիս Նադեժդինին։ Եվ հաջողություն մեզ բոլորին», - ասել է նա։
Ինքը՝ Պուտինը, հավակնում է հինգերորդ անգամ ընտրվել նախագահի պաշտոնում: Շատ մեկնաբաններ Ռուսաստանում և արտերկրում կարծում են, որ նրա հաղթանակը գործնականում երաշխավորված է: Ռուսաստանում ընտրությունները հատկապես վերջին տարիներին անկախ դիտորդների և փորձագետների կողմից գնահատվում են անազատ և անարդար։
Քվեարկությունը տեղի կունենա մարտի 15-17-ը։