Մատչելիության հղումներ

Գազայի 36 հիվանդանոցներից միայն 16-ն է մասամբ գործում, առողջապահական համակարգը փլուզվում է․ Գուտերեշ


Գազայի 36 հիվանդանոցներից միայն 16-ն է մասամբ գործում, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Գազայի բնակիչները ոչ միայն ռմբակոծության հետևանքով սպանվելու կամ վիրավորվելու մեծ ռիսկի գոտում են, նաև վարակիչ հիվանդություններով վարակվելու մեծ հավանականություն ունեն», - X-ի իր էջում գրել է Գուտերեշը՝ նշելով՝ հիվանդությունները տարածվում են, քանի որ առողջապահական համակարգը փլուզվում է:

Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խոսնակ Քրիստիան Լինդմայերը երեկ հաստատել է, որ «Ալ-Խեյրի» հիվանդանոցը ներկայումս գտնվում է ավիահարվածների տակ, իսկ «Նասերի» կլինիկան փաստացի շրջափակված է։

«Իրադարձությունները զարգանում են սարսափելի սցենարով. մարդիկ չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում հաջորդ րոպեին»,- ասել է Լինդմայերը։

ԱՀԿ ներկայացուցիչը հավելել է, որ Գազայում այժմ գործում է 14 հիվանդանոց՝ յոթը հյուսիսում և յոթը հարավում։

«Ավելի քան երեք ամիս ինտենսիվ ռմբակոծություններից հետո ոլորտում առողջապահության կարիքները զգալիորեն գերազանցում են տեղական առողջապահական համակարգի կարողությունները», - հայտարարել է պաշտոնյան:

Սովի վտանգը Գազայում ամեն օր մեծանում է, աճող հակամարտությունը խոչընդոտում է պարենային օգնության մատակարարումներին, իր հերթին հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի խոսնակ Աբիր Էտեֆան։

«Սովի պայմաններում սա մարդկանց ամենամեծ համակենտրոնացումն է ժամանակակից աշխարհում», - ասել է Էտեֆան՝ շեշտելով․ - «Այն արագությունը, որով մենք հասել ենք այս կետին, խորապես մտահոգիչ է»։

Ըստ Աբիր Էտեֆի՝ Եգիպտոսում բուժման նպատակով Գազայից տարհանված երեխաները շատ նիհարած ու հյուծված են։

«Եթե մարդասիրական դադար չլինի, ոլորտի բնակիչներն անխուսափելիորեն կբախվեն սովի»,- հավելել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի խոսնակը։

XS
SM
MD
LG