Մատչելիության հղումներ

Բաքուն քննադատում է Ադրբեջանում Եվրամիության դեսպանին


Ադրբեջանում այս անգամ էլ քննադատվում է Եվրամիության դեսպանը՝ դատական համակարգի և լրագրողների դեմ հարուցված գործերի վերաբերյալ հայտարարության համար։ Արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն դեսպանի հայտարարությունը անհիմն ու անպատասխանատու է որակել և նրան խորհուրդ տվել կենտրոնանալ Եվրամիության որոշ երկրների, Հաջիզադեի կարծիքով, դատական համակարգերում արդարադատության բացակայության և վատ վերաբերմունքի վրա։

«Միջազգային լավագույն պրակտիկայի վրա կառուցած Ադրբեջանի դատական համակարգին միջամտելը անընդունելի է», - ասել է Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետր Միխալկոն նախօրեին X սոցցանցում գրել է, թե ցնցված է Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից։ Մասնավորապես՝ երիտասարդ կանանց դատարանի դահլիճում ձեռնաշղթաներ են հագցնում, պահում ապակե վանդակներում կամ չեն թույլատրում մարդկային տարրական կարիքները։ «Յուրաքանչուր ոք արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի իրավունք ունի», - ընդգծել էր ԵՄ դեսպանը։

Սլովակիայից դիվանագետ Պետր Միխալկոն Ադրբեջանում Եվրամիության դեսպան էր նշանակվել անցած տարի, մինչ այդ նա չորս տարի Մոլդովայում էր գլխավորել Եվրամիության առաքելությունը։

Ադրբեջանում վերջին ամիսներին ձերբակալվել, մի քանի ամսով կալանավորվել են մեկ տասնյակից ավելի լրագրողներ ու ակտիվիստներ։

Արևմուտքը նրանց դեմ հարուցված մեղադրանքները շինծու է համարում և պահանջում անհապաղ ազատ արձակել նրանց;

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը, երեկ պատասխանելով Վաշինգտոնում «Թուրան»-ի թղթակցի հարցին, ասել է․ «Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների ու ընդդիմադիրների վերջին ձերբակալությունները խորը մտահոգություն են առաջացնում։ Ադրբեջանի կառավարությանը մենք շարունակում ենք կոչ անել հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ներառյալ կարծիք հայտնելու ազատությունը»։

Անցած երկուշաբթի Բաքի դատարանը վճռեց նախաքննության ընթացքում մինչև ապրիլի 3-ը կալանքի տակ պահել «Աբզաս Մեդիա»-ի լրագրող Էլնար Գասիմովային։ Նա մեղադրվում է մաքսանենգության հոդվածով։ Ադրբեջանում վերջին շրջանում ամենաշատը ձերբակալվել են այս լրատվամիջոցի աշխատակիցները, ներառյալ «Աբզաս Մեդիա»-ի ղեկավար Ուլվի Հասանլին։

Երեկ խուլիգանության հոդվածով ձերբակալվել, ապա անսպասելիորեն ազատ է արձակվել Jam News-ի մեկնաբան Շահին Ռզաևը։ Խուլիգանության մեղադրանքով նրան ձերբակալել էին 15 օրով, բայց մեկ օր անց վերաքննիչ դատարանը որոշեց տուգանել ու ազատ արձակել նրան։ Այսօր նա Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ իր ձերբակալության իրական պատճառը ֆեյսբուքյան երկիմաստ գրառումն էր, իրեն սխալ են հասկացել։

Նա հեռացրել է գրառումը, բայց ով հասցրել է կարդալ պնդում է, որ Ռզաևը քննադատել էր երկրի թիվ մեկ դեմքին։ Այսօրվա գրառմամբ Jam News-ի մեկնաբանը խոստովանում է, որ իրեն ազատ են արձակել փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա, որը ձեռք է բերվել առանց փաստաբանի։ Նա արձանագրությունը ստորագրել է, նվազեցված տուգանքը վճարել ու ազատ արձակվել։

XS
SM
MD
LG