Մատչելիության հղումներ

«Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին»․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանություն


ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնո, արխիվ
ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնո, արխիվ

Վաշինգտոնը պատրաստ է օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին, ադրբեջանական APA գործակալության հարցմանն ի պատասխան հաղորդել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից։

Դեսպանությունից նշել են, որ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն պարբերաբար բանակցում է կողմերի հետ՝ ի պաշտպանություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի։

Երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Երևանում։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի այցի հիմնական նպատակն է կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում:

Ադրբեջանը հայտարարել է, թե Վաշինգտոնը պետք է փոխի իր դիրքորոշումը Բաքվի նկատմամբ, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ բանակցություններում։ Բաքուն նշել է, թե ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի մեկնաբանությունները «Ղարաբաղում այս տարվա սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական միջոցառումների վերաբերյալ հավասարակշռված չէին»:

Օ'Բրայենի՝ նոյեմբերի15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումներում քննադատել էր ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական հարձակումը, որն ի վերջո հանգեցրեց Արցախի հայաթափմանը:

XS
SM
MD
LG