Մատչելիության հղումներ

Գրիգորյանն ու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցեր


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Երևանում ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ըստ հայկական կողմի՝ Գրիգորյանն ու Բոնոն անդրադարձել են վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

«Մեկ անգամ ևս վերահաստատել եմ հայկական կողմի հանձնառությունը՝ տարածաշրջանում հաստատելու երկարատև և համապարփակ խաղաղություն», - հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը:

Անցած շաբաթավերջին ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, մասնավորապես, որ Ռուսաստանը չի խանգարում Միացյալ Նահանգներին՝ ջանքեր գործադրելու հայ - ադրբեջանական կարգավորման ուղղությամբ, որոնք, իր կարծիքով, «անհրաժեշտ են Ադրբեջանին և Հայաստանին»: «Եվ մենք կշարունակենք հետամուտ լինել դրանց», - հավելել էր նա:

Հարցին էլ՝ ե՞րբ է պաշտոնական Վաշինգտոնն ակնկալում հյուրընկալել նախարարներին, Պետքարտուղարության խոսնակը պատասխանել էր. - «Հետևեք, մենք հայտարարությամբ հանդես կգանք, երբ նշանակվի հանդիպում»:

Շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքաբ Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, հաղորդել են թուրքական լրատվամիջոցները:

Պաշտոնական Երևանը դրական էր արձագանքել մինչև 2023 թվականի ավարտը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման՝ ԱՄՆ պետքարտուղարի առաջարկին: Բաքուն, մինչդեռ, պնդել էր, թե կողմնակալ է համարում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ նոյեմբերի15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումներում արտահայտած կարծիքները, և պահանջել Վաշինգտոնից փոխել դիրքորոշումը՝ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության գործընթացում միջնորդելու համար:

Ջեյմս Օ'Բրայենը քննադատել էր ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական հարձակումը, որն ի վերջո հանգեցրեց Արցախի հայաթափմանը:

XS
SM
MD
LG