Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթից ավելի է՝ ռուսական և ուկրաինական կողմերը ակտիվ ռմբակոծում են միմյանց տարածքները


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ օրը ռուս զինվորականները ոչնչացրել և չեզոքացրել են 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք բռնակցված Ղրիմի տարածքում։ Մի անօդաչու էլ ռուսները խոցել են Կրասնոդարի երկրամասի տարածքում։

Մինչդեռ, Ուկրաինայի զինված ուժերի հաղորդմամբ՝ խոցվել է բռնակցված Ղրիմում Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարական կետը։ Նույնն են ասում նաև տարբեր Տելեգրամ ալիքները։ «Крымский ветер» Տելեգրամ ալիքի տվյալներով՝ օրինակ՝ հրթիռներից մեկն ընկել է Սևաստոպոլի Յուխարինա բալկա շրջանում տեղակայված զորամասում, որը կապի հրամանատարական կետ է:

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ռուսական և ուկրաինական կողմերը ակտիվ ռմբակոծում են միմյանց տարածքները։ Դեկտեմբերի 29-ին և 30-ին աննախադեպ ուժգին հրթիռակոծության էին ենթարկվել ուկրաինական քաղաքները և ռուսական Բելգորոդը, տասնյակ զոհեր՝ երկու կողմից էլ, հարյուրավոր վիրավորներ։

Մոսկվան աննախադեպ քանակի հրթիռներ է օգտագործում ուկրաինական քաղաքներին հարվածելու համար։ Ընդ որում, Ռուսաստանի իշխանությունները ստիպված են եղել ռազմական տեխնիկայի համար դիմել համախոհ պետություններին:

Միացյալ Նահանգների հետախույզները պարզել են, որ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմում օգտագործելու համար բալիստիկ հրիթռներ է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից և ցանկանում է փոքր հեռահարության հրթիռներ ստանալ Իրանից:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Կիրբիի խոսքով՝ վերջերս գաղտնազերծված հետախուզական տվյալները վկայում են, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին մատակարարել է մի քանի բալիստիկ հրթիռ և դրանք արձակելու կայանքներ. - «2023 թվականի դեկտեմբերի 30-ին ռուսական ուժերը արձակեցին հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներից առնվազն մեկը Ուկրաինա: Այս հրթիռը, ըստ երևույթին, ընկել է Զապորոժիեի շրջանի բաց դաշտում։ Իսկ հունվարի 2-ին Ռուսաստանը մի քանի հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներ արձակեց Ուկրաինայի ուղղությամբ, այդ թվում՝ իր գիշերային օդային հարձակման շրջաններում: Մենք դեռևս գնահատում ենք այս հրթիռների ազդեցությունը»։

Ռուսաստանը ոչ միայն ակտիվ ռմբակոծում է ուկրաինական քաղաքները, այլև ինտենսիվ հարձակողական գործողություններ է ձեռնարկում ճակատում։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ ճակատի զգալի հատվածում մարտեր են ընթանում, և ռուսական զորքերը գրոհում են գրեթե ամենուր։

Ռազմական փորձագետները նկատում են, թե այս պայմաններում, երբ արևմտյան ռազմական օգնության պակաս կա, ռուսական կողմը փորձում է հնարավորինս օգտվել ստեղծված իրավիճակից՝ ինտենսիվ, աննախադեպ ռմբակոծելով Ուկրաինայի տարածքը և մյուս կողմից՝ ինտենսիվ գրոհելով ուկրաինական դիրքերը ճակատում։

Սրա ֆոնին խորանում են ուկրաինացիների դժգոհությունները սպասվող մոբիլիզացիայի պատճառով։ Դեկտեմբերի վերջին Գերագույն ռադա ներկայացված կառավարության օրինագիծը խստացնում է Ուկրաինայի զինված ուժեր զորակոչի կանոնները և զինվորական ծառայությունից խուսափելու համար պատասխանատվությունը:

Պատգամավորները դեռ չեն սկսել այն քննարկել, սակայն փաստաթուղթն արդեն սուր քննադատության է ենթարկվել։ Սոցիալական ցանցերում հայտնվել են փակ խմբեր, որտեղ ուկրաինացիները քննարկում են օրինագծի մանրամասները և խորհուրդներ են տալիս, թե ինչպես կարելի է խուսափել անցակետերից:

Ուկրաինայից հեռացած տղամարդիկ էլ դժվարությամբ են կարողանում կարգավորել իրենց անձնագրային հարցերը։

Facebook-ում մոբիլիզացիայից դժգոհները գրում են, թե խնդիրն այն է, որ պետությունը մոբիլիզացնում է միայն հասարակ մարդկանց:

«Կարնեգի» կենտրոնի փարձագետ Մայքլ Կոֆմանը ասում է, թե չնայած հասարակության դժգոհությանը՝ իշխանությունները ստիպված են լինելու մոբիլիզացիա հայտարարել. - «Այն բանակը, որ կար, երբ Ռուսաստանը սկսեց պատերազմն, արդեն գոյություն չունի, լավագույն զինվորականները զոհվել են։ Հասկանալի է, որ բանակի այս կադրային հարցերը պետք է լուծել։

Ռազմաիրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Մուսիենկոյի խոսքով՝ զորահավաք է անհրաժեշտ կորուստներ կրած ստորաբաժանումները համալրելու, առաջնագծում ռոտացիա իրականացնելու, տարիքի և առողջական պայմանների պատճառով զորացրվածներին փոխարինելու, ինչպես նաև ռեզերվ ձևավորելու համար։

«Բոլորն աջակցում են օկուպացված տարածքների ապաօկուպացմանը և համաձայն են, որ ուկրաինական զինված ուժերը պետք է հասնեն Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Բայց, դրա համար պետք է բավարարել զինվորականների խնդրանքները զենքի և մարդկանց վերաբերյալ», - ասել է փորձագետը։

XS
SM
MD
LG