Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է ուկրաինական գերությունից 248 ռուս զինծառայողների վերադարձի մասին։
«Ռուս զինվորականների վերադարձը հնարավոր դարձավ Արաբական Միացյալ Էմիրությունների հումանիտար միջնորդության շնորհիվ», - նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտնել է 230 գերեվարված ուկրաինացի զինվորականների վերադարձի մասին։
«Ազատության» ռուսական ծառայության Настоящее время ծրագրի հաղորդմամբ, սա պատերազմող երկրների միջև առաջին նման մեծ թվով ռազմագերիների փոխանակումն է։
Նշելով, որ սա գերիների 49-րդ փոխանակում է՝ Գերագույն ռադայում մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ, ռուսական գերությունից վերադարձել է 2 հազար 828 ուկրաինացի զինվորական։
Վերջին անգամ Ուկրաինան և Ռուսաստանը ռազմագերիներ էին փոխանակել 2023 թվականի օգոստոսին։ Այդ ժամանակ ուկրաինացի 22 զինվոր վերադարձավ տուն, սակայն այդ ժամանակվանից ի վեր ռազմագերիների փոխանակում տեղի չի ունեցել։