Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները պատերազմում են հանուն աշխարհի, պնդում է Զելենսկին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 2-ը հունվարի, 2024թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 2-ը հունվարի, 2024թ.

«Եթե չկանգնեք Ուկրաինայի կողքին, Պուտինը կուտի ձեզ՝ ձեր Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ազատության ու ժողովրդավարության հետ», - զգուշացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական Economist-ին տված հարցազրույցում։

Արդեն շուրջ երկու տարի ռուսական ագրեսիային դիմակայող երկրի ղեկավարը պնդել է՝ հիմա խնդիրը ոչ թե Ռուսաստանի ձեռքբերումներն են մարտի դաշտում, այլ կասկածները՝ դաշնակիցների ու հայրենակիցների շրջանում։

«Եվրոպա՛, մի՛ ասեք, թե Ուկրաինային եք սատարում։ Դուք ինքներդ ձեզ եք պաշտպանում, մեզ գումար ու զենք տալով՝ ձեր անվտանգությունն եք ամրապնդում», - ասել է Ուկրաինայի նախագահը:

2022 թվականի փետրվարին, երբ ռուսական զորքերը մտան Ուկարինա, Զելենսկին գրավեց ողջ աշխարհի ուշադրությունը 32 վայրկյան տևողությամբ մի ուղերձով, որում պարզապես ասում էր՝ «Կիևում ենք, երկրից չենք հեռացել»։ Նրա անձնակազմը շարունակում է աշխատել Կիևում՝ չնայած չդադարող հրթիռակոծություններին։

«Բայց պատերազմի մեկնարկից գրեթե երկու տարի անց աշխարհն արդեն նույն ուշադրությամբ չի հետևում նրա խոսքին», - նկատում է Economist-ը՝ հավելելով, որ Ուկրաինային օժանդակություն տրամադրելու հարցը «քաղաքական առևտրի առարկա է դարձել Ամերիկայում և Եվրոպայում»։

Այս ֆոնին, որո՞նք են Կիևի առաջնահերթությունները 2024-ին, հարցրել է բրիտանական պարբերականը: «Մեր նպատակները չեն փոխվել, մենք ձգտում ենք պահպանել և ընդարձակել հաջողությունները Սև ծովում, Ղրիմի ուղղությամբ։ Մանրամասները չեմ կարող ասել, բայց մենք դա կանենք։ Մեր նպատակն է նաև պաշտպանել արևելքը, փրկել Խարկովը և Ուկրաինայի մյուս կարևոր քաղաքները», - պատասխանել է Զելենսկին:

Թեև անցած տարի ուկրաինական հակահարձակումն Արևմուտքի ակնկալիքները չարդարացրեց, Վլադիմիր Զելենսկին համաձայն չէ, թե ռուսները հաղթում են մարտի դաշտում։ «Գուցե մենք ինչ-որ բան չհաջողեցինք, գուցե դանդաղում ենք, բայց գաղափարը, թե Պուտինը հաղթում է, թվացյալ է», - վստահեցրել է նա, հավելելով՝ իրականում ռուսական բանակը հսկայական կորուստներ է կրում։

Բրիտանական հետախուզության հաշվարկներով՝ եթե ներկայիս միտումները պահպանվեն, մինչև այս տարեվերջ Ռուսաստանը կես միլիոն զոհ կամ վիրավոր կունենա մարտի դաշտում։ Բայց անսպառ չեն նաև Ուկրաինայի ռեսուրսները, մինչդեռ ընտրությունների պատրաստվող Ամերիկայում ու եվրոպական շատ երկրներում առաջնորդների ուշադրությունը շեղվում է դեպի ներքին քաղաքականություն։ «Զելենսկու խնդիրը դժվարին է առավել քան երբևէ՝ պատերազմի մեկնարկից ի վեր», - արձանագրում է Economist-ը։

«Շատերն Ուկրաինայից դուրս ասում են՝ գուցե ժամանակն է բանակցել, խոսել Պուտինի հետ ․․․ Կարո՞ղ եք սպառիչ կերպով ասել՝ արդյո՞ք պատրաստ եք քննարկել նման հնարավորություն», - հարցրել է բրիտանական պարբերականի թղթակիցը։ «Հակառակ կողմում ոչ թե բանակցողներ են, այլ՝ ահաբեկիչներ», - արձագանքել է Զելենսկին: - «Պուտինն ասում է՝ քանի դեռ իր նպատակներին չի հասել, կանգ չի առնելու։ Այս պայմաններում մենք գնանք, ի՞նչ ասենք՝ կներեք, խնդրում ենք, կանգնե՞ք։ Նման թուլությունը չի կարող մեր դիրքորոշումը լինել, իսկ Պուտինը զգում է այդ թուլությունը, ինչպես կենդանին է զգում արյան հոտը։ Եթե տեղի տաք, Ռուսաստանը կուտի ձեզ ամբողջությամբ՝ ՆԱՏՕ-ով, ազատությամբ ու ժողովրդավարությամբ։ Կարող եք մոռանալ այդ ամենի մասին»։

Միաժամանակ, Զելենսկին խուսափել է հստակ արձագանքել հարցին՝ ռազմավարական ի՞նչ ակնկալիքներ ունի Ուկրաինան 2024-ից, որքա՞ն տարածք է մտադիր ազատագրել և ե՞րբ։ «Հաջողությունը մեծապես կախված է այն աջակցությունից, որ Կիևը կստանա արևմտյան դաշնակիցներից», - ասել է նա՝ հավելելով. - «Ուկրաինայի ներսում ու դրսում այլևս չկա այն համախմբումը, որի ականատեսն էինք պատերազմի սկզբում, դա պետք է փոխվի։ Ուկրաինացիները պատերազմում են հանուն աշխարհի, և աշխարհը սա պետք է գիտակցի ու կենտրոնանա այդ փաստի վրա»:

Արևմտյան զենք-զինամթերքի պակասից բացի ուկրաինական բանակն այժմ նաև մարդուժի խնդիր ունի, և երկրում քննարկվում է մինչև 27 տարեկաններին զորակոչելու հարցը։ «Այդ փոփոխությանը քչերն են աջակցում, բայց այլընտրանք չկա»,- պնդել է Զելենսկին, հավելելով՝ ամենակարևոր բանը, որ այսօր կարող է անել ուկրաինացին՝ լինել երկրում, արևմտյան դաշնակիցը՝ լինել Ուկրաինայի հետ։ «Եթե թուլակամ եք, հեռացեք, կամ մի կողմ քաշվեք, մենք չենք ընկրկելու», - ասել է Ուկրաինայի նախագահը։ Հարցն այն է՝ արդյոք նա կկարողանա՞ մյուսներին վարակել ու համոզել, որ աշխարհն էլ կիսի իր այդ վստահությունը, նկատում է բրիտանական Economist-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG