Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 1-ին հայտարարել է, թե ՌԴ-ն ցանկանում է Ուկրաինայի դեմ պատերազմն ավարտել որքան հնարավոր է արագ, բայց միայն իր պայմաններով։ Այս մասին նա խոսել է կենտրոնական զինվորական հոսպիտալ կատարած այցի ժամանակ։
«Նրանք, ովքեր երեկ ասում էին, որ անհրաժեշտ է Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել, այժմ ձևեր են փնտրում, թե ինչպես արագ վերջ տալ հակամարտությանը, և մենք էլ ենք ցանկանում հնարավորինս արագ ավարտել հակամարտությունը, միայն մեր պայմաններով», - ասել է նա։
Ռուսաստանը անվերջ պատերազմելու ցանկություն չունի, բայցև իրենը չի պատրաստվում զիջել, հավելել է Պուտինը՝ առանց մանրամասնելու՝ ինչն է իրենը. - «Մեր բանակն այսօր ուժեղ է, ճակատում էլ նախաձեռնությունը մեր ձեռքերում է»։
Անցած տարվա վերջին ամիսներին ուկրաինական կանգ առած հակամարտության ֆոնին՝ ռուսական ուժերն իսկապես ակտիվ գրոհում էին ճակատի բոլոր հատվածներում և առաջ գնում, սակայն շատ դանդաղ։ Ընդհանրապես 2023-ին պատկերը ճակատում էապես չի փոխվել, բայց ուկրաինական կողմի համար տարին կարելի է անհաջող համարել, քանի որ ամառային հակահարձակումը ձախողվել է, ինչի ֆոնին էլ արևմտյան մամուլը սկսել է գրել, որ Արևմուտքը հոգնել է ուկրաինական պատերազմից։
«Պատերազմը հեռու է ավարտվելուց, աջակցելով Ուկրաինային՝ Եվրոպան նաև իրեն է պաշտպանում», - Economist-ին տված տարին ամփոփող հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, - «Պուտինը կենդանու պես զգում է թուլությունը, նա զգում է արյունը, զգում է իր ուժը։ Նա կուտի ձեզ բոլորիդ ընթրիքին, ձեր Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն ազատության և ժողովրդավարության հետ միասին»։
Պատերազմի ընթացքն այս տարի գրեթե ամբողջությամբ կախված է լինելու Ուկրաինային ամերիկյան օգնությունից, ասում է ռազմական փորձագետ Դեյվիդ Շարպը։
«Ազատության» ամփոփումն ամբողջությամբ՝ ռեպորտաժում.