Մատչելիության հղումներ

Բելգորոդի մարզի նահանգապետը կրկին հաղորդում է հրթիռային հարձակումների մասին


Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի Բելգորոդի մարզում օդային տագնապ է հայտարարվել։

Մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տելեգրամյան իր էջի միջոցով հորդորել է բնակիչներին տանը մնալ, պատուհաններին չմոտենալ։ Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ ՀՕՊ համակարգը Բելգորոդ քաղաքի շրջանում «մի քանի օդային թիրախ է խոցել»։

Ռուսաստանը մեղադրում է Ուկրաինային Բելգորոդի վրա հարձակումների համար։ Ուկրաինայի զինված ուժերը չեն արձագանքում։

Բելգորոդի շրջանը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի, Լուգանսկի և Սումիի մարզերին։

Երեկ Բելգորոդի շրջանի իշխանությունները կրկին հաղորդել են հրթիռային հարձակումների մասին՝ նշելով, որ մեկ մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել։

Բելգորոդի վրա հարձակումների մասին Մոսկվան հաղորդել է նաև դեկտեմբերի 30-ին՝ նշելով, որ զոհվել է 25 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ «Բելգորոդին հասցված հարվածները անպատիժ չեն մնա»։

Պուտինի հայտարարությունից մեկ օր անց՝ դեկտեմբերի 31-ին՝ Խարկովի պաշտոնյաները հայտնեցին, որ առնվազն վեց հրթիռ հարվածել է Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքին, վիրավորվել է առնվազն 28 մարդ, վնասվել են բնակելի շենքեր, հյուրանոցներ և բժշկական հաստատություններ, որին հաջորդել են անօդաչու թռչող սարքերի հարձակումները բնակելի շենքերի վրա։

Հունվարի 2-ի գիշերը Կիևը կրկին հաղորդեց, որ Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի տարածքում։ Հիմնական թիրախները Խարկովն ու Կիևն էին։

XS
SM
MD
LG