Մատչելիության հղումներ

Դատախազությունը պահանջում է նախկին պաշտոնյաներից գանձել մոտ 1 մլրդ 300 մլն դոլար՝ հօգուտ պետության


Մոտ 1 միլիարդ 300 միլիոն դոլար է կազմում այն նախկին պաշտոնյաների ունեցվածքը, որը դատախազությունը ապօրինի է համարում ու պահանջում հետ գանձել՝ հօգուտ պետության։

90-ից ավելի գործ արդեն դատարանում է, նախկին բազմաթիվ պաշտոնյաների հետ միասին դատարանում իրենց ունեցվածքի ծագման օրինականությունը պետք է հիմնավորեն նաև նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Վարչությունն իրականացնում է ուսումնասիրություն այնքանով, որքանով ձեռք է բերում տվյալներ անձից ստացած եկամուտների վերաբերյալ այնքանով, որքանով այդ տվյալները հավաքագրվել են Հայաստանի Հանրապետության ոչ պետական մարմինների կողմից», - ասաց դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը։

Չնայած պատասխանող կողմի պնդումներին, Սիրո Ամիրխանյանի խոսքով, իրենց պահանջը հիմնավոր է։ Եվ եթե կողմերը համաձայն չեն դատախազության ուսումնասիրության հետ, ապա դատարանում կարող են հիմնավորել, տվյալներ ներկայացնել, որ ապօրինի որակված գույքը ու դրամական միջոցները արդար քրտինքով են վաստակել։

«Պատասխանողները ունեն այդ միասնական դիրքորոշումը, որ իրենց պատկանող գույքային ծավալը ապօրինի չի հանդիսանում և դա, բնականաբար, կողմի իրավունքն է», - ասաց Ամիրխանյանը։

Անցած տարի ընդամենը 4 հաշտություն է եղել. մարդիկ համաձայնել են, որ իրենց ունեցվածքի մի մասն ապօրինի է ու վերադարձրել են պետությանը։ Հաշտության արդյունքում պետությանը փոխանցված գույքերի արժեքը գերազանցում է 2.2 միլիարդ դրամը։ Այս չորսից մեկը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանն է, որը պետությանն է վերադարձրել ապօրինի որակված ողջ գույքը։ Խոսքը «Եռաբլուր» պանթեոնի 4 հողակտորների մասին է։ Նրա նախկին ղեկավարը, ի տարբերություն Ղազարյանի, չի ընդունում դատախազության պնդումները իր ու իր ընտանիքի գույքի ապօրինի լինելու մասին։

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն էր «Ազատության» հետ զրույցում պնդել, թե գործը հիմքից ապօրինի է։

«Դատարանում մենք ցույց կտանք էս գործի, հայցապահանջի հերթական արհեստածին լինելը», - ասաց Մակինյանը։

Իր ունեցվածքն օրինական է համարում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա փաստաբան Արամ Օրբելյանը ևս պնդում է՝ դատարանում կհիմնավորեն իրենց դիրքորոշումը։

«Պարոն Քոչարյանին պատկանող գույքը ամբողջությամբ, էն, ինչ որ իրեն է պատկանում, իրենն է և օրինական է: Ուզում եմ ուշադրություն հրավիրեմ՝ ոչ թե այդքան գումար ունի, և էդ գումարը ապօրինի է եղել, ուղղակի դատախազությունը հաշվել է, որ այ էդքան գումար պիտի բռնագանձեն: Որտեղի՞ց պիտի բռնագանձի, ինչի՞ պիտի բռնագանձի՝ պարզ չի: Հենա կարող էր միանգամից մի 500 միլիարդ հաշվել», - ընդգծեց Օրբելյանը:

Իր ունեցվածքը պետությանը տալու մտադրություն չունի նաև մեծահարուստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Չնայած դատախազ Ամիրխանյանի պնդմանը, որ 1997-ից իր առաջին բիզնեսը ձեռնարկած Ծառուկյանը որևէ հիմնավորող փաստաթղթեր չի ներկայացրել, մեծահարուստ նախկին պատգամավորը ամիսներ առաջ հակադարձել էր․ - «Բոլորը գիտեն, որ լիարժեք Ծառուկյանը 89 թվից աշխատել, ստեղծել ա ընտանիքով մեկ, մեկը երկուս ա դարձել, երկուսը՝ չորս, տաս, հարյուր, դա բոլորը գիտեն: Կամ այդ դպրոցները, հիվանդանոցները, մանկապարտեզները, եկեղեցիները, որ ես կառուցել եմ, ասենք, ապօրինի հարստացում... ո՞նց, չեմ կարում հասկանամ»:

Ծառուկյանը որպես օրինական ծագումը չհիմնավորող մեծահարուստ, առաջին հորիզոնականում է։

«Գույքային ծավալով ամենամեծ հայցադիմումը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին։ Երևի թե երկրորդ տեղում է Գագիկ Խաչատրյանի և նրան փոխկապակցված անձանց վարույթը, երրորդ տեղում կլինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ վարույթը», - ասաց Ամիրխանյանը։

Դատախազ Սիրո Ամիրխանյանի խոսքով, այս գործընթացքում ունեն մի մտավախություն, որ, թեև վաղեմության ժամկետ չկա, բայց դատական նիստերը տարիներով չձգձգվեն։ Դրանից խուսափելու համար ոլորտը բարեփոխման կարիք ունի՝ ասում է Ամիրխանյանը։

«Հիմնական պատճառը կայանում է նրանում, որ եթե սովորական քաղաքացիական գործով ապացուցման ենթակա հանգամանքները 1, 2 լավագույն դեպքում 5 են, մեր դեպքում այդ ապացուցման ենթական հանգամանքները կարող են գերազանցել մի քանի հարյուրը։ Այդ պարագայում պետք է նշեմ, որ կարծես թե մեր Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն այդքան էլ հարմարեցված չէ նշված գործերի քննությանը։ Հենց այդ է պատճառը, որ բավականին շատ է ձգձգվում գործերի քննությունները, միևնույն ժամանակ օրենսգիրքը բավականին մեծ ու լայն հնարավորություններ է տալիս պատասխանող կողմին չարամտորեն արհեստականորեն գործի քննությունը ձգձգելու մասով», - նշեց նա։

Դատախազի խոսքով՝ ամսվա վերջում, թերևս, առաջին դատական ակտը կկայացվի, որը հիմնված կլինի ոչ թե հաշտության, այլ՝ քննության վրա։

Դատախազությունը պահանջում է նախկին պաշտոնյաներից գանձել մոտ 1 մլրդ 300 մլն դոլար՝ հօգուտ պետության
please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG