Գլխավոր դատախազությունը ստացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները Հայաստանին վերադարձնելու դիմումը։
Ըստ դատախազության՝ մասնակի հաշտության համաձայնությունը դատարանում է, դատական ակտը կհրապարակվի վաղը։
Գլխավոր դատախազությունը դեռ 2022-ի մայիսի 31-ին էր Հակակոռուպցիոն դատարանից պահանջել Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ և 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։ Նշված 4 գույքերն Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործով գնահատվել են որպես առերևույթ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքեր:
Հայցապահանջի մնացած մասով դատախազության հայցի քննությունը շարունակվում է։
Ղազարյանը 2018-ի հեղափոխությունից հետո մի քանի քրեական գործերով է անցնում․ 2022-ի վերջին Գլխավոր դատախազությունը նոր քրեական վարույթ է հարուցել նրա և նրա կնոջ նկատմամբ։ Այս գործով մեղադրանքը շորթումն է, որն առնչվում է նրանց պատկանող «Յանս» ռեստորանին։ Մեկ գործ էլ հարուցվել է դեռ 2020 թվականին։ Այդ ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը Վաչագան Ղազարյանին մեղադրել էր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով՝ 9 միլիոն դրամ վատնում կատարելու համար։ Վաչագան Ղազարյանն այդ ժամանակ պետական բյուջե էր վերադարձել 9 միլիոն դրամը։
Ընդ որում, սա միակ գումարը չէ, որ Ղազարյանը վճարել է պետբյուջե ու ազատվել է քրեական հետապնդումից։ 9 միլիոնի գործը կարճվել է համաներման արդյունքում, կարճվել էր նաև հեղափոխությունից հետո հարուցված առաջին գործը, որը առնչվում էր կրկին «Յանս»-ին՝ հարկերից խուսափելու, ապօրինի հարստացման հեդվածներով։ Այս գործը ևս դատարան չէր հասել, պարզվել էր, որ ապօրինի հարստացման հոդվածը նրան չի վերաբերում, միևնույն ժամանակ Ղազարյանը որպես չվճարած հարկ պետությանն էր վերադարձրել մոտ 3 միլիարդ դրամ։
Ղազարյանն ու կինը անցնում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ գործն արդեն դատարանում է։ Ղազարյանը պետք է ապացուցի, որ Երևանում 17 բնակարանները և ավելի քան 8 միլիարդ դրամի գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով։ Հառական դեպքում պետությունը կբռնագանձի։