Խաղաղության գործընթացի այս վճռական փուլում, երբ կողմերն ընդհանուր առմամբ հեռու չեն խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունից, անհրաժեշտ է կոնկրետ արդյունքների հասնելու Երևանի անկեղծ հանձնառությունը, հաղորդում է ադրբեջանական Report-ը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հացազրույց է տվել The Guardian-ին։
Ամիրբեկովն ասել է, որ անցյալ շաբաթ հայկական կողմին հանձնելով խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին տարբերակը՝ Բաքուն սպասում է Երևանի արձագանքին։
«Հայաստանը պետք է լիովին գիտակցի իր համար Ադրբեջանի հետ խաղաղության բոլոր օգուտները և վերջնականապես հրաժարվի վնասակար պատրանքներից ու մեքենայություններից, որոնք ուղղված են խաղաղության գործընթացը խաթարելուն և մեր երկրի հետ ռազմական առճակատմանը վերադառնալուն», - ասել է Էլչին Ամիրբեկովը։
Բաքուն վերջին շրջանում խոսում է խաղաղության պայմանագիրն ու սահմանազատման գործընթացը միմյանցից տարանջատելու մասին։
Ամիրբեկովը վերահաստատել է Բաքվի դիրքորոշումը՝ նշելով՝ սահմանների հարցը կարող է լուծվել ավելի ուշ՝ հաշվի առնելով դրա բարդ և ժամանակատար բնույթը։
Կառավարության հետ սերտ կապերով հայտնի փորձագետ Ֆարիդ Շաֆիևն այսօր ասուլիսի ժամանակ ևս հայտարարել է, որ Ադրբեջանը շատ մոտ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը և որ «հիմնական վիճելի հարցերը հասցվել են զրոյի»։
«Սահմանազատումը և սահմանագծումը երկար գործընթաց է։ Չեմ կարծում, որ սա կմտնի փաստաթղթի մեջ», - ըստ Report-ի՝ ասել է փորձագետը։
Մանրամասները տե՛ս այստեղ