Մատչելիության հղումներ

Ութ գյուղերի հարցը կարող է որոշել սահմանազատման և սահմանագծման գործընթացը. նախարար


Ութ գյուղերի հարցը կարող է որոշել սահմանազատման և սահմանագծման գործընթացը՝ այդ աշխատանքային խմբի շրջանակներում, ասուլիսին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ադրբեջանի արտգործնախարարը երեկ սահմանազատման գործընթացը կապել էր Հայաստանից Բաքվի պահանջած ութ գյուղերի վերադարձի հետ, ասելով, որ այդ հարցը բոլոր հանդիպումներում բարձրացնում են, և դրանց պատկանելությունը չի վիճարկվում:

«Կան որոշ տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում, և կան տարածքներ, որ մենք ենք դրանց մասին խոսում, գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ, որ այդ տարածքները որոշակի նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը պետք է հանել, այնուհետև տեղի ունենա երկու գործընթաց՝ առաջինը՝ փոխանակում և մյուսը՝ ֆիզիկապես թողնել, զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ։ Կարգավորում ասելով նկատի ունեմ այն, որ այդ տարածքները որոշակի մակերես ունեն, և դելիմիտացիա, դեմարկացիա կոչվող երևույթը կարող է այս հարցի պատասխանը տալ», - այսօր նշեց նախարար Սանոսյանը:

Հայաստանցի պաշտոնյաները ավելի վաղ էլ հավաստիացրել էին, թե հարցի վերաբերյալ դեռ որոշում չկա: Իսկ լուծման երկու տարբերակ են նշում՝ կա՛մ պահպանվում է առկա իրավիճակը, կա՛մ անկլավների փոխանակում է տեղի ունենում: Այս ֆոնին պաշտոնական Երևանը բացի Արծվաշենից, հիշատակել է նաև Տավուշի մարզի մի քանի գյուղերի վարելահողեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG