Մատչելիության հղումներ

«Ինչի՞ պիտի վախենանք որևէ մեկի հետ հանդիպելուց, այն էլ՝ մեր պետության սահմանին». Արման Եղոյան


Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ «եթե ուղղակի պրոցեսը գնահատենք»: «Եթե պրոգրեսը գնահատենք, էլի՝ չափավոր դրական, բայց՝ զգույշ չափավոր դրական», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Եղոյանը:

«Ամեն դեպքում՝ շփվելը ավելի արդյունավետ է, քան չշփվելը», - նշեց իշխանական պատգամավորը:

Հարցին՝ «կարծես ամեն ինչ տանում է դեպի երկկողմ բանակցություններ, Երևանը սկզբունքորեն կո՞ղմ է այս ձևաչափին», Եղոյանն արձագանքեց. - «Սկզբունքորեն կողմ ու դեմի հարց չի, այլ՝ բանակցային միջավայրի հարցն է: Կարող է լինել միջնորդներով բանակցություն ոչ արդյունավետ՝ տարբեր միջնորդներով, որևէ մեկին չեմ ակնարկում, և կարող է լինել առանց միջնորդների բանակցություն՝ արդյունավետ կամ ոչ արդյունավետ: Այսինքն՝ այստեղ կարևոր է ոչ այնքան սենյակում գտնվող մարդկանց թիվը, այլ՝ սենյակում գտնվող մարդկանց վերաբերմունքը քննարկվող թեմաներին»:

«Երկկողմ շփումներն էլ, իհարկե, այսինքն՝ ինչի՞ մենք պիտի խուսափենք երկկողմ շփումներից: Այլ հարց, որ երբ որ գա այդ փուլը, երբ որ արդեն պիտի ստորագրվի խաղաղության պայմանագիրը, ի՞նչ ձևաչափով պետք է ստորագրվի, ի՞նչ երաշխիքների համակարգ այնտեղ պիտի լինի՝ դա պիտի լինի ուղղակի ՄԱԿ-ի՞ ձևաչափը, պիտի լինի ուղղակի սովորական միջպետական համաձայնագի՞ր՝ ենթակա միջպետական բոլոր կարգավորումներին, սա արդեն հարցի մյուս կողմն է: Բայց այն փաստաթուղթը, որը որ ձևավորվում է, այո, կարող է ձևավորվել նաև երկկողմ ձևաչափով: Եվ դա տեղի է ունենում՝ այս փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունենում ուղղակիորեն՝ իրենք՝ մեզ, մենք՝ իրենց», - ասաց պատգամավորը:

«Պատրաստ եք նաև առանց երաշխավորի՞ ստորագրել այդ թուղթը», - այս հարցին Արման Եղոյանը պատասխանեց. - «Եթե կա միջազգային համակարգ, եթե միջազգային կարգուկանոնը կա, ապա միջպետական պայմանագիրը ինքը արդեն ենթակա է միջազգային կարգուկանոնի երաշխիքներին: Եթե չկա միջազգային կարգուկանոնը, կամ այնպիսին չէ, ինչպիսին, օրինակ, 30-40 տարի առաջ էր, ապա ոտքի վրա տված երաշխիքները չեն կարող կայուն լինել, որի խախտումը կենթադրի սանկցիա և որի պահպանումը կլինի պարտականություն երկու կողմերի համար՝ սա հենց տեղով միջազգային երաշխիք է, ինչպես մյուս բոլոր համաձայնագրերը, որ մենք կնքում ենք»:

Դիտարկմանն էլ՝ «ուրեմն կարող է և ստորագրվել առանց միջնորդի և երաշխավորի», ՔՊ պատգամավորն արձագանքեց. - «Միջպետական պայմանագիրը պետք է կնքվի միջպետական պայմանագրին պատշաճող բոլոր նորմերով, և այն իր փաստաթղթի ձևի բերումով արդեն իսկ պետք է երաշխավորված լինի միջազգային ինստիտուտների կողմից»:

Սահմանին արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այսօր հնչեցրած առաջարկի վերաբերյալ Արման Եղոյանը հայտարարեց. - «Տրամաբանորեն, սահմանին, կներեք, եթե սահմանազատման հանձնաժողովները հանդիպում են, եթե այլ պաշտոնյաներ հանդիպում են, սահմանին կլինի, այլ տեղ կլինի...»:

«Ազատություն». - Վաշինգտոն չենք գա, բայց երկկողմ սահմանին կգանք, կհանդիպենք...

Եղոյան. - Դե ախր, երբ որ դա դնում եք մի նախադասության մեջ, հնչում է մի քիչ այլ կերպ, քան իրողությունն է: Ոչ թե Վաշինգտոն չենք գա, փոխարենը կգանք սահման... Վաշինգտոնը մի օրակարգ է, նկատի ունեմ՝ դա միայն բանակցություն չի, դա նաև աշխարհքաղաքական օրակարգ է, Մոսկվան մեկ այլ օրակարգ է՝ էլի ոչ միայն բանակցություն, այլև՝ աշխարհքաղաքականություն, սահմանն էլ երկկողմ ձևաչափով օրակարգ է, այսպես ասենք՝ տարածաշրջանային օրակարգ է: Այսինքն՝ ես որ որևէ խնդիր չեմ տեսնում դրա մեջ, այսինքն՝ մենք ինչի՞ պիտի վախենանք որևէ մեկի հետ հանդիպելուց, դա նորմա՞լ կլինի, այն էլ՝ մեր պետության սահմանին, կներեք, առավել ևս:

Հարցազրույցը կարող եք դիտել ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG