Մատչելիության հղումներ

Արևմո՞ւտք, թե՞ տարածաշրջանային խաղացողներ. գնահատականներ Երևանի՝ ընտրության առաջ կանգնելու մասին


Հակոբ Բադալյանը (ձախից) և Տիգրան Գրիգորյանը (աջից)
Հակոբ Բադալյանը (ձախից) և Տիգրան Գրիգորյանը (աջից)

Արևմո՞ւտք, թե՞ տարածաշրջանային խաղացողներ. արդյոք Երևանը ընտրության առաջ է Թեհրանից ու Մոսկվայից հնչող հայտարարություններից հետո։

Իրանի արտգործնախարարը երեկ կարծիք հայտնեց, թե հայ-ադրբեջանական խաղաղությունը կարող է հաստատվել տարածաշրջանային խաղացողների՝ իրենց, Թուրքիայի ու Ռուսաստանի միջոցով՝ առանց արտաքին միջամտությունների։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն էլ այսօր հայտարարեց՝ Հայաստանի մարտահրավերները հնարավոր չէ հաղթահարել արևմտյան խաղացողների օգնությամբ, ելքը Մոսկվայի միջոցով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն են։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ Երևանին առաջին հերթին Բաքուն է դնում ընտրության առաջ, բայց դրան նպաստում են տարածաշրջանային խաղացողների տրամադրությունները։

«Չէի ասի, որ այս ճնշումը կարող է առանցքային լինել բանակցային գործընթացի համար, որովհետև տեսնում ենք, որ Ադրբեջանն արդեն իսկ պարտադրել է Հայաստանին երկկողմ ձևաչափը, վերջին շրջանի պայմանավորվածությունների գերիների փոխանակման վերաբերյալ, Ադրբեջանը մեծ հաշվով գնացել է այդ քայլին հենց երկկողմ ձևաչափը լեգիտիմացնելու համար՝ ցույց տալու արևմտյան միջնորդներին, որ երկկող ձևաչափով, տեսնում եք, արդեն առարկայական արդյունքներ կան, և ձեր միջամտությունը միայն խոչընդոտելու է խաղաղ գործընթացին», - ասաց նա։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, հակառակը, չի կարծում, թե Երևանին պարտադրում են ընտրություն կատարել. - «Պարզապես ստացվում է այն չկոշտացնի անվտանգության ճարտարապետության մեխանիկան, այսինքն՝ այդ անվտանգության ճարտարապետությունը կարող է կազմավորվել նաև արտառեգիոնալ դերակատարների մասնակցությամբ, բայց չի կարող կառուցվել առանց ռեգիոնալ խաղացողների մասնակցությամբ»։

Իրանի դիրքորոշումը, հիշեցնում է Բադալյանը, նոր չէ, բայց դրան զուգահեռ արևմտյան հարթակներում գործընթացներ են ծավալվել։

«Արևտմյան հարթակներում բանակցության կանգնեցումը առանձնապես մեծ մտահոգություն չի էլ առաջացնում Արևմուտքում, և կարծում եմ՝ պատճառն այն է, որ Արևմուտքը տեսնում է՝ այս բանակցությամբ շոշափելի արդյունքի հասնելու հնարավորությունը, ելնելով տարբեր գործոններից, շատ սուղ է, այդ իսկ պատճառով առանձնապես մեծ ջանք էլ չի գործադրում այդ բանակցությունը վերականգնելու», - ասաց նա։

Հայաստանը, կարծում է Տիգրան Գրիգորյանը, հետաքրքրված է արևմտյան հարթակներով, մասնավորապես հույսը դրել էր ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածության վրա։

Մինչ Իրանի արտգործնախարարը երեկ պնդում էր տարածաշրջանային խաղացողների միջոցով հայ-ադրբեջանական խաղաղությանը հասնելու հարցը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց՝ լավագույնը այս պահին, որ կարող է անել Թեհրանը, սահմանների անձեռնմխելիության մասին իր հստակ հայտարարություններն են։

Ըստ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի՝ տարածաշրջանային խաղացողներն ակտիվացել են, որովհետև մեծ հավանականություն կա, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը հաջորդ տարվա ընթացքում կարող է ստորագրվել, ու իրենք ուզում են և առնչություն ունենալ այդ փաստաթղթի հետ, և խոչընդոտել արևմտյան ներգրավվածությանը։

Բայց քաղաքագետը կասկածում է, թե ստորագրվելիք փաստաթղթով որևէ առանցքային հարց կլուծվի, ու Հայաստանի անվտանգային միջավայրը կբարելավվի։ Կողմերի հայտարարություններից եզրակացրել է՝ լավագույն դեպքում կհամաձայնեցվեն սկզբունքները։

«Մեծ հաշվով այդ փաստաթղթի կարևորությունն էլ է ինչ-որ չափով կորում, որովհետև այո, Ադրբեջանը ստանում է այն, ինչ ցանկանում է Հայաստանից, այսինքն՝ նոր ստատուս քվոյի ճանաչում, Արցախի հայաթափման լեգիտիմացում, ընդհանրապես ղարաբաղյան հակամարտության էջի արդեն դե յուր փակում, բայց փոխարենը որևէ զիջման չի գնում, զորքերը չի հանում Հայաստանի տարածքից, քարտեզների վերաբերյալ համաձայնության չի գալիս Երևանի հետ, անկլավների հարցում որևէ համաձայնություն չկա, ապաշրջափակում տեղի չի ունենում, Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների մասին որևէ հիշատակում չի լինում, վերջում ստորագրվում է փաստաթուղթ, ու դա ներկայացնում որպես խաղաղություն», - ասաց Տիգրան Գրիգորյանը։

XS
SM
MD
LG