Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԶՈՒ-ն պնդում է, թե Թեոդոսիա նավահանգստում դեսանտային նավ է պայթեցրել


Ռուսաստանին բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Թեոդոսիայի նավահանգստին։

Տելեգրամյան ալիքում նա նշել է, որ նավահանգստի տարածքը շրջափակված է, հրդեհը տեղայնացվել է, համապատասխան ծառայությունները տեղում աշխատում են, մի քանի տների բնակիչներ կտարհանվեն։

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը Տելեգրամի իր էջում գրել է, որ ուկրաինական ինքնաթիռները հարվածել են խոշոր դեսանտային "Новочеркасск" նավին։

«Իսկ Ռուսաստանում նավատորմը գնալով փոքրանում է․ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր "Москва" հածանավին հաջորդում է "Новочеркасск" խոշոր դեսանտային նավը», - գրել է Օլեշչուկը՝ շնորհակալություն հայտնելով «օդաչուներին և բոլոր ներգրավվածներին՝ իրենց բծախնդիր աշխատանքի համար»։

Օլեշչուկը չի հստակեցրել, թե ինչպես ուկրաինական ավիացիան կարող էր հարվածել Թեոդոսիային, որը գտնվում է ճակատի մոտակա կետից մոտավորապես 250 կիլոմետր հեռավորության վրա։

Ուկրաինայի զինված ուժերի հայտարարությունում միայն նշվում է, որ "Новочеркасск"-ի խոցումն իրականացվել է թևավոր հրթիռներով՝ առանց այլ մանրամասների։

«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ, Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ Անկախ աղբյուրներից առայժմ հնարավոր չէ հաստատել ուկրաինացի զինվորականների հայտարարությունը, սակայն թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական աղբյուրները հայտնում են Թեոդոսիա նավահանգստում պայթյունների, հրդեհի, ապա երկրորդ հզոր պայթյունի մասին։

XS
SM
MD
LG