Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները


Պաշտոնական Երևանն այսօր հաստատեց՝ ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները:

Այն, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել իր առաջարկությունների նոր փաթեթը, դեռ երեկ պետական AzTV-ին տված հարցազրույցում տեղեկացրեց Ադրբեջանի արտգործնախարարը՝ առանց բացահայտելու փաստաթղթի բովանդակությունը։ Ջեյհուն Բայրամովը միայն շեշտել է, թե խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում։

«Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ, որ հանդիպումները տեղի կունենան արդեն 2024 թվականին։ Մենք այս հարցին իրատեսորեն և լավատեսորեն ենք նայում։ Երբ խոսում ենք խաղաղության պայմանագրից, պետք է հասկանանք, որ դա չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Բայրամովը հիշեցրել է, որ Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փաթեթը Երևանից ստացել է այս տարվա նոյեմբերի վերջին, և մեկ ամսվա ընթացքում դրանք մշակել ու ներկայացրել է հայկական կողմին։

Արդյո՞ք խաղաղության պայմանագրի տեքստում ամրագրվելու են սահմանազատման հետ կապված սկզբունքները

Արդյո՞ք խաղաղության պայմանագրի տեքստում ամրագրվելու են սահմանազատման հետ կապված սկզբունքները, թե՝ ոչ։ Ամեն դեպքում Բաքուն վերջին շրջանում խոսում է խաղաղության պայմանագիրն ու սահմանազատման գործընթացը միմյանցից տարանջատելու մասին։

Օրեր առաջ Իլհամ Ալիևի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևն էր շեշտել, թե սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին, այժմ էլ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն է ընդգծում, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի լուծում չի նախատեսում։

Ի դեպ, Բայրամովը պնդել է, թե խաղաղության պայմանագրի հետ կապված բոլոր կարևոր նախաձեռնությունների հեղինակը հենց Ադրբեջանն է։

Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի արդեն 7-րդ մշակումն են փոխանակում, սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո ոչ ղեկավարների, ոչ էլ արտգործնախարարների մակարդակով բանակցություններ տեղի չեն ունեցել։

Վերջերս Հանրայինին տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանն ասել էր՝ աշխատանքային շփումներ կան, բանակցային գործընթացը շարունակվում է օնլայն ռեժիմով։

«Հիմա էլ, ես համարում եմ, որ բանակցությունները շարունակվում են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, որովհետև հիմա առերես եթե քննարկել չհաջողվի կամ չի հաջողվում, այդ աշխատանքն էլ է բանակցություն», - նշել է Փաշինյանը:

Արդյո՞ք Հայաստանը պնդում է, որ խաղաղության պայմանագրում ամրագրվեն սահմանազատման հետ կապված սկզբունքները։ Ամեն դեպքում, Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում խոսում է այն 3 կարևորագույն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է կնքվի խաղաղության պայմանագիրը։ Այդ սկզբունքներից մեկն էլ սահմանազատումն է։

«Այս սկզբունքի հետագա զարգացման ընթացքում ձեռք է բերվել ըմբռնում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն 1974-1990 թվականի Խորհրդային միության զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունն այդ երեք սկզբունքներին», - ասել է վարչապետը:

Բաքուն փորձում է ականներ դնել խաղաղության պայմանագրի տակ. քաղաքական մեկնաբան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է, որ Ադրբեջանն, իհարկե, փորձում է տարանջատել սահմանազատման գործընթացը խաղաղության պայմանագրից, ինչը թույլ կտա հետագայում դա օգտագործել որպես ական Հայաստանի դեմ։ Ընդորում, ըստ վերլուծաբանի, սա միակ ականը չէ, որ Ադրբեջանը փորձում է դնել խաղաղության պայմանագրի տակ։ Բաքուն ավելի հավակնոտ պահանջներ է առաջ քաշում, պնդելով, որ Հայաստանը երաշխիքներ տա, որ չի լինելու ռևանշ, որ տարածքային հավակնություններ չի ունենալու։

Այսինքն, ըստ Հակոբ Բադալյանի, Ադրբեջանը փորձում է նաև քննարկումների դաշտ բերել Հայաստանի քաղաքական կյանքի վրա ազդեցության հնարավորություններ։ Հետևաբար, Երևանը պետք է չեզոքացնի այդ ականները՝ ամրագրելով նաև ուժի գործադրման կամ ուժի գործադրման սպառնալիքի բացառման կարևորագույն սկզբունքը։

«Շատ կարևոր է ոչ միայն ամրագրելը, այլ նաև դրանց խախտման դեպքում հստակ գործողությունների ճանապարհային քարտեզը կամ հաջորդականությունն ամրագրելը, որովհետև մենք տեսել ենք ղարաբաղյան կարգավորման դեպքում, երբ այդ սկզբունքները ճանաչվեցին, ընդունվեցին այդ երեք հայտնի սկզբունքները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի, բայց հետո Ադրբեջանը ոտնատակ արեց այդ ամենն ու ուժի կիրառմամբ ղարաբաղյան խնդրում ստատուս փոփոխեց: Այսինքն, կային համաձայնեցված սկզբունքներ, բայց չկար որևէ պատասխանատվության հստակ մեխանիզմ, որը կկանգնեցներ Ադրբեջանին», - ընդգծեց Հակոբ Բադալյանը:

Քաղաքական մեկնաբանը, սակայն, շեշտում է՝ այսօր իրատեսական չէ միջազգային որևէ մեխանիզմի ստեղծումը, դերակատարներից որևէ մեկը չի ուզում ստանձնել Ադրբեջանին երկարաժամկետ և հաստատուն մեխանիզմով զսպելու պատասխանատվությունը, Ադրբեջանն էլ օգտվում է ստեղծված իրավիճակից։

XS
SM
MD
LG