Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում պետք է ներառվի փախստականների վերադարձի հարցը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ սա պետությունների պարտավորությունն է:
«Թերի կլինի, որ վերադարձի իրավունքը չամրագրվի խաղաղության պայմանագրում: Եվ եթե չարձանագրվի, մարդիկ արդեն իրենք կսկսեն այլ եղանակներ փնտրել, որպեսզի ինչ-որ կերպ իրենց այնտեղ մնացած.... օրինակ՝ վերադարձի իրավունքի մեջ մտնում է նաև գույքային իրավունքը, այնտեղ մնացած գույքին տեր կանգնելու», - ասաց Ղազարյանը:
Վարչապետ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում, խոսելով արցախցիների իրավունքների մասին, անդրադարձավ ադրբեջանական նախապայմանին. - «Ադրբեջանն ի՞նչ է ասում, ասում է՝ ուզո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձ, իրավունքներ, անվտանգություն և այլն, խնդիր չկա, եկեք Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած ադրբեջանցիների իրավունքներն էլ արձանագրենք խաղաղության պայմանագրում»:
Մենք էլ կարող ենք խոսել Բաքվից, Նախիջևանից, Սումգայիթից փախած հայերի իրավունքների մասին, բայց ըստ Փաշինյանի, սա նոր բախման ռեսուրս է:
«Մենք հիմա ռեսուրսներ ենք հավաքում գնանք նոր բախմա՞ն, թե՞ մենք ռեսուրսներ ենք հավաքում խաղաղության գնալու համար և ռեսուրսներ օգտագործելու Հայաստանում պետություն կայացնելու վրա: Իմ կարծիքով՝ ճիշտ ճանապարհը սա է», - նշել է վարչապետը:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց. - «Ես խաղաղության պայմանագիր հիմա շատ վատ եմ պատկերացնում այն շրջանում, երբ հարցերի կուտակումն է շարունակվում, փոխանակ՝ պատասխանները»:
Ազգագրագետը Արցախից տեղահանվածներին ու Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին չէր համեմատի:
«Բաքվի, Սումգայիթի հայը նույն մարդկային իրավունքն ունի հավասար լինելու, բայց Արցախի հայությունը իրավունքներ ունի խմբային, էթնիկական, մշակութային պատմական բազմաթիվ ինքնություններով ինքնահաստատված խբմի», - ասաց նա:
Արցախցիներն ադրբեջանահայեր չեն, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նույն կարծիքին է, Արցախի ժողովուրդը պիտի հավաքական իրավունքներ ունենա, ոչ թե էթնիկ փոքրամասնության։
Վերադարձի իրավունքը նույնական է՝ համաձայն չէ միջազգային իրավունքի մասնագետը։
«Մենք չենք կարող ասել, որ ծագումով հայերին այդ իրավունքը տրվի, ծագումով ադրբեջանցիներին այդ իրավունքը չտրվի: Եթե մենք այդկերպ մոտենանք, մեզ կմեղադրեն ռասիզմի մեջ», - ընդգծեց Արա Ղազարյանը:
Ընդ որում, Ղազարյանը շեշտում է, վերադարձի իրավունքը ենթադրում է գույքային իրավունքներ, արժանապատիվ կյանք ու գլխավորը՝ անվտանգության երաշխիքներ՝ սկսած ատելության խոսքի բացառումից։
«Արցախի հարցով, ես կարծում եմ, անհրաժեշտ է որոշակի ինքնավարություն տալը, որովհետև Արցախը չի կարող ինտեգրվել, թեկուզ այնտեղ 10 հազար կամ 20 հազար բնակչի՝ առանց ինքնավարության, իսկ ադրբեջանցիները դրա մասին չեն ուզում լսել, նշանակում է՝ իրենք վերադարձի իրավունքը չեն հարգում», - ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Արցախը լքել է շուրջ 150 հազար հայ, 90-ականներին Ադրբեջանից հեռացել է 500 հազար հայ, Հայաստանից հեռացել՝ 170 հազար Ադրբեջանցի։ Բաքվի պնդմամբ՝ նրանք պետք է վերադառնան «Արևմտյան Ադրբեջան», այսինքն, Հայաստան:
«Եթե լինի հանկարծ ադրբեջանցի կոչված փախստականների վերադարձի խոսակցություն դեպի Հայաստանի Հանրապետություն, ապա դրան համարժեք պետք է լինի վերադարձ դեպի Սումգայիթ, Բաքու, Գարթման, Նախիջևան», - նշեց ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համակարգող Մարիամ Ավագյանը:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համակարգողը վստահ է, որ անվտանգային լուրջ մարտահրավեր է՝ հաշվի առնելով Բաքվի համակարգված հակահայկական քարոզը։ Իսկ ընդհանրապես Ադրբեջանը փախստականներ չունի, պնդում է Ավագյանը։ Նրանք Հայաստանից հեռացել են իրենց տները վաճառելուց կամ փոխանակելուց հետո, ապա ստացել փոխհատուցում Խորհրդային Հայաստանից՝ 110 միլիոն դոլարի չափով։