Մատչելիության հղումներ

Երևան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, հանդիպել ԱԳ նախարարի հետ


ՀԱՊԿ-ից Հայաստանի լուրջ դժգոհությունների ֆոնին այսօր Երևան է ժամանել կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: Նրան ընդունել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Կարճ հաղորդագրությունում պաշտոնական Երևանը հաղորդել է, որ գլխավոր քարտուղարը Արարատ Միրզոյանին տեղեկացրել է Մինսկում կայացած ՀԱՊԿ նիստի արդյունքների մասին։

«Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Իմանգալի Տասմագամբետովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ», - նշված է հաղորդագրությունում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ոչ մի բառ այն մասին, թե արդյոք Հայաստանը միանում է նոյեմբերին հայ պաշտոնյաների բացակայությամբ անցկացված նիստի որոշումներին։ Գլխավոր քարտուղարը հենց այդ նպատակով է Երևանում։

Կընդունի՞ արդյոք վարչապետ Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ ևս չի հաղորդվում: Ամեն դեպքում երկու օր առաջ վարչապետը Հանրայինի եթերում կրկին քննադատեց Մոսկվայի առաջնորդած ռազմական դաշինքը, որն ադրբեջանական հարձակումների ժամանակ ոչ միայն ռազմական օգնություն չտրամադրեց Հայաստանին, այլ նաև քաղաքական գնահատական չտվեց Բաքվի գործողություններին: Փաշինյանն ընդգծեց՝ ՀԱՊԿ-ը, նաև Ռուսաստանը մինչ օրս չեն ընդունում, որ իրենց համար կարմիր գիծ համարվող Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է:

«Իրենք ասում են՝ չէ, ոնց որ թե կարմիր գիծը չի խախտվել, ասում ենք՝ շատ լավ, էս թուղթը, էս գրիչը, մի հատ գծեք՝ ձեր ասած կարմիր գիծը որտեղով է անցնում: Ընդորում, ասում ենք՝ մեր մեկնաբանության հետ եթե համաձայն չեք, խնդիր չկա, դուք ձեր ձեռքով գծեք էդ կարմիր գիծը, հասկանանք էդ կարմիր գիծը որտեղով է անցնում, իրենք ասում են՝ չենք կարա կարմիր գիծը գծենք, նշանակում է՝ դուք Հայաստանում կարմիր գիծ չունեք, դուք գալիս եք Հայաստանում ի՞նչ անեք», - նշել է Փաշինյանը:

Նոյեմբերին ՀԱՊԿ-ի ընդունած փաթեթում նաև միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցն էր: Արտաքին գործերի նախարարությունը հանդիպումից հետո էլ չի հստակեցնում իր դիրքորոշումը։ Ավելի վաղ ընդգծել էին, թե այդ հարցը կդիտարկեն փաստաթղթերին ծանոթանալուց հետո:

ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, բայց ավելի քան տասը տարի առաջ կանոնադրությունում կատարվել է լրացում, որի համաձայն Խորհուրդն իրավունք ունի որոշումներ կայացնել նաև սահմանափակ ձևաչափով, եթե որևէ մեկը դեմ չէ այդ ընթացակարգին:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ Հայաստանն այդ փաթեթին միանալ-չմիանալու որոշում պետք է կայացնի՝ հաշվի առնելով այդ կառույցի հետ հետագա համագործակցությունը:

«Եթե մենք ի վիճակի չենք եղած մարտահրավերները աշխատանքով կառավարելու և լուծելու, ապա չաշխատելով մենք, չեմ կարծում, թե որևէ բան կարող ենք լուծել, հակառակը՝ կարող ենք նպաստել մարտահրավերների խորացմանը և հետագա լուծումների բարդացմանը: Այս տեսանկյունից, ես կարծում եմ, ՀԱՊԿ-ի հետ աշխատանքը պետք է շարունակվի», - ասաց Բադալյանը:

Պաշտոնական Երևանը ՀԱՊԿ նիստերը բոյկոտելուց բացի, տարեսկզբին Հայաստանի տարածքում չընդունեց կառույցի զորավարժությունները, հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, իսկ սեպտեմբերին հետ կանչեց ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին և մինչ օրս նոր դեսպան չի նշանակել: Դաշինքից պարբերաբար առաջարկում էին Հայաստանի սահմաններ դիտորդական առաքելություն ուղարկել: Ի պատասխան Հայաստանից խոսում էին ադրբեջանական հարձակմանը քաղաքական գնահատական տալու մասին:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ոչ հիմա, ոչ էլ հետագայում այդ դաշինքից անվտանգային հարցերում պատրանքներ պետք է չունենալ:

«Անմտություն է պատկերացնել, որ օրինակ՝ Ղազախստանը, Տաջիկստանը դիրքավորվելու են Ադրբեջանի դեմ և Ադրբեջանի դեմ օգնություն են ցուցաբերելու Հայաստանին, նկատի ունեմ անմիջական անվտանգության ապահովման տեսանկյունից: Մյուս կողմից այս մեխանիզմը մենք կարող ենք դիտարկել անվտանգության համակարգի խնդիրները լուծելու ավելի լայն համատեքստում և փորձել օգտագործել որպես լրացուցիչ մեխանիզմ», - ասաց Բադալյանը:

Թե որքան է պաշտոնական Երևանը պատրաստվում բոյկոտել կառույցի նիստերը, հայտնի չէ, բայց ռազմական դաշինքը լքելու մտադրության մասին նույնպես չեն խոսում: Անցած շաբաթ էլ Ռուսաստանի նախագահն էր հայտարարել է՝ չի կարծում, թե Հայաստանի շահերից է բխում ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելը:

Ի դեպ, առաջիկա օրերին Սանկտ Պետերբուրգում սպասվում է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը և ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքը: Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը երեկ պնդում էր, թե Մոսկվան պատրաստ է Երևանի հետ բոլոր հարցերը լուծել կառուցողական եղանակով:

«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-ից 26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ», - ասել է Մարիա Զախարովան:

Տևական բոյկոտից հետո կմեկնի՞ արդյոք Հայաստանի վարչապետը Ռուսաստան, կառավարութունը դեռ չի հայտնում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG