Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կօգնի երկարաժամկետ խաղաղության հաստատմանը հարավկովկասյան տարածաշրջանում, երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հույս հայտնելով, որ Բաքվի և Երևանի միջև այս փաստաթուղթը շուտով կստորագրվի։
Ըստ «Ազատության» վրացական ծառայության՝ Ղարիբաշվիլին նաև նշել է, որ բարեկամական ձևաչափով Թբիլիսին պատրաստ է միջնորդի դեր ստանձնել։
«Ցանկանում եմ հույս հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը շատ շուտով կստորագրվի։ Այս հարցում մենք ունենք կարծիքների լիակատար համաձայնություն։ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, կնպաստի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը, որը բարեկեցություն կբերի մեր ժողովուրդներին», - երեկ ասել է Ղարիբաշվիլին։
Թբիլիսին, ըստ Վրաստանի վարչապետի, այս գործընթացում «չեզոք, անաչառ դիրքորոշում է որդեգրել»։
«Մենք պատրաստ ենք համեստ ներդրում ունենալ միջնորդության, դյուրացման և ընդհանրապես բարեկամական ձևաչափի գործընթացում», - ասել է Ղարիբաշվիլին՝ շեշտելով․ - «Թբիլիսին միշտ պատրաստ է մասնակցել այս գործընթացին։ Մեր ապագան պետք է լինի խաղաղ, կայուն, և Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները պետք է կարողանան լուծել տարածաշրջանի և մեր հետագա զարգացման խնդիրները»։
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին, շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին՝ ադրբեջանա-հայկական հարցում միջնորդի առաջարկած դերի համար։
Ալիևը նշել է, որ «Ադրբեջանը շարունակում է և կշարունակի աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը» և ընդգծել, որ հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղության կարիք ունի՝ հույս հայտնելով, որ շուտով Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։
Ադրբեջանի նախագահը հաղորդել է, որ Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի ներկայացուցիչների հետ, սակայն դրա համար Երևանի համաձայնությունն է անհրաժեշտ:
Երկու շաբաթ առաջ՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Ռուսաստանի ու Իրանի նախագահները խոսեցին «3+3» հարթակի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին։
Օրերս Ալիևը նաև հայտարարեց, որ առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն։ Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել հայտարարություններին։
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
Հայաստանը 2 տարի առաջ հայտարարեց՝ այս ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են այլ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
Վրաստանը մերժեց նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Ռուսաստանի հետ:
Այս ձևաչափով մինչ այս ընդամենը մեկ հանդիպում եղավ՝ 2021-ի ավարտին ու չնայած աշխատանքները շարունակելու մասին մերթընդմերթ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չանցկացվեց։