Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջև ձեռք բերված համաձայնությունը շատ կարևոր դրական քայլ է դեպի խաղաղության պայմանագրի ստորագրումը:
«Որոշակի չափով այն քայլն էր, որը ցույց տվեց, որ ցանկություն կա շարժվելու խնդիրները լուծելու տրամաբանությամբ, իսկ խնդիրները լուծելու ամենամեծ հնարավորությունը խաղաղության պայմանագիրն է», - շաբաթ երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ Երևանը պատրաստ է նույնիսկ մինչև դեկտեմբերի վերջ ստորագրել այդ փաստաթուղթը, բայց եթե չստացվի, ապա՝ «հնարավորինս ամենաշուտ ժամկետում»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայկական կողմն արդեն համաձայն է խաղաղության պայմանագիր կնքել առանց միջազգային երաշխավորների, Անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց. - «Խաղաղության բանակցությունները, որ ընթանում են արտգործնախարարների մակարդակով, հրավեր ունեն Վաշինգտոնում շարունակելու դրանք: Եկեք, տեսնենք, թե ինչ արձագանք կլինի [Բաքվից] և կհասկանանք, թե ինչպես ենք շարունակում»: