Երեկ հայրենադարձված գերիներին այսօր հարցաքննվեցին զինվորական քննչական վարչությունում։ 32 նախկին ռազմագերիները տուժողի կարգավիճակ ունեն տարբեր քրեական գործերով։
Վերադարձածներից 26-ը շիրակցի պահեստազորայիններն են, որոնք 44-օրյա պատերազմից մեկ ամիս անց Արցախի Խծաբերդի դիրքերից էին գերեվարվել։
Ադրբեջանական գերության մեջ երեք տարի անցկացրած 24-ամյա Կարեն Արամյանը երեկ բուժզննումից հետո անմիջապես տուն էր մեկնել, բայց այսօր եկել էր Երևան՝ պատասխանելու քննիչների հարցերին, որոնք փորձում են պարզել, թե ում մեղքով Խծաբերդն անցավ ադրբեջանցիներին, ու այդ տարածքից ավելի քան 60 պահեստազորային գերեվարվեց։
Մինչ Կարենը քննչականում էր, հայրը, հորեղբայրները դրսում նրան էին սպասում։ Հորեղբայրը՝ Մանվել Արամյանը պատմեց, որ տղան 44-օրյա պատերազմի մասնակիցներից էր, ավարտից հետո տուն էր վերադարձել, բայց կարճ ժամանակ անց կրկին կանչել էին ծառայության՝ տարել Հադրութի շրջան։
Նամակներ, տեսագրություններ՝ երեք տարի ընտանիքը Կարմիր խաչի միջոցով էր շփվում Կարենի հետ, որը մյուս զինակիցների հետ Ադրբեջանում դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ լրտեսության, ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների համար։
«Այսքան սպասել ենք, մի քիչ էլ կսպասենք», - առավոտյան 11-ից քննիչների աշխատասենյակում հարցաքննվող Կարենին սպասող մյուս հորեղբայրը՝ Սամվել Արամյանը չի նեղսրտում ժամեր ձգվող հարցաքննությունից, կարևորը հայրենիքում է, յուրայինների միջավայրում:
«Այլ բան է, երբ երեխադ գտնվում է ինչ-որ դժվար պայմաններում, գերեվարված, ինչքան ուզում է համոզված լինես, որ հսկողության տակ է Կարմիր խաչի, իհարկե, շնորհակալություն Կարմիր խաչին, բայց այնուամենայնիվ գերին գերի է մնում», - ասաց Արամյանը:
Այսօր հարցաքննության է կանչվել նաև մայիսին Շիկահողի դիրքերից առևանգված ժամկետային զինծառայող Կարեն Ղազարյանը։ Հայրը՝ Աշոտն ասաց՝ երեկ տղան բուժզննում է անցել, ամեն ինչ լավ է։
«Նորմալ, էն կարգի, որ ստուգել են, տարել ենք տուն, հիմա էլ եկել ենք Քննչական, հարցեր կան, պատասխան կա տալու, էդ էլ անցնի, էլի գնանք տուն», - ասաց հայրը:
Հայրենադարձված ռազմագերիները հարցաքննվում են տարբեր քրեական գործերի շրջանակում. ՔԿ
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ երեկ հայրենադարձված ռազմագերիները հարցաքննվում են տարբեր քրեական գործերի շրջանակում։
«32 անձինք են, որոնք 2020 թվականի Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիվ պատերազմի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթով, ինչպես նաև դրանից հետո, տարբեր սահմանային միջադեպերի, Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների առիթով հարուցված քրեական վարույթներով անցնում են որպես տուժողներ: Նրանց հետ պլանավորված են անհրաժեշտ քննչական գործողություններ», - նշեց Աբրահամյանը:
Հարցաքննություններին, ըստ ընթացակարգի, անհրաժեշտության դեպքում կհետևեն առերեսումները, ինչից հետո նախաքննության ավարտի պարագայում այս գործերը ևս կուղարկվեն դատարան։ 44-օրյա պատերազմին առնչվող հարյուրավոր գործեր են քննվում։ Մի մասն արդեն դատաքննության փուլում է: