ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեկ բանաձև է ընդունել՝ պահանջելով Գազայում «հրատապ հումանիտար հրադադարի հաստատում, բոլոր պատանդների անմիջական և անվերապահ ազատում, մարդասիրական մուտքի ապահովում»։
Բանաձևն ընդունվել է ձայների 153 կողմ, 10 դեմ, 23 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Բանաձևը նաև սահմանում է՝ «բոլոր կողմերը պետք է գործեն միջազգային իրավունքի նորմերի համաձայն, այդ թվում՝ պահպանելով միջազգային մարդասիրական իրավունքը, հատկապես քաղաքացիական անձանց պաշտպանության առումով»:
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածերի թիվը հասել է 18 հազար 412-ի։ Անկախ աղբյուրները չեն կարող հաստատել պաղեստինյան կողմի հրապարակած տվյալների արժանահավատությունը: Իսրայելի զոհերի թիվը մոտ 1200 է: Կան վիրավորներ և պատանդներ:
Պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին Միացյալ Նահանգների և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ը հարձակվեց հրեական խաղաղ բնակավայրերի վրա: