Օրենքով սահմանված կարգով Ծառուկյան ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբն այս փուլում ծանոթանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Զուտ թղթային մասով շատ մեծ ծավալի մասին է խոսքը գնում, դա մեկ օրվա, մեկ ամսվա գործ չէ, պետք է ծանոթանալ, հասկանալ, պատասխանել՝ ինչը և կանեն փաստաբանները, մասնագետները, եթե հարկ լինի նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ կներգրավեն», - գրում է Տոնոյանը:
Նա խոստանում է, որ ըստ անհրաժեշտության հանրությանը կտրվեն լրացուցիչ տեղեկություններ, պարզաբանումներ կա՛մ իր կողմից, կա՛մ փաստաբանների, «գուցե հետագայում նաև անձամբ Գագիկ Ծառուկյանի կողմից»: «Բայց կրկնում եմ՝ բացառապես օրենքի թույլատրելիության շրջանակներում», - ընդգծում է խոսնակը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ծառուկյաններն այսօր պետք է ներկայանան դատախազություն՝ ծանոթանալու իրենց ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրությանը։