Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածը գրեթե ամբողջությամբ ավերվել է, Բեռլինում, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«13 հազար պաղեստինցի երեխաներ, կանայք և ծերեր են սպանվել։ Գազա կոչվող վայրն այլևս գրեթե չկա, այնտեղ ամեն ինչ ավերված է»,- ըստ Anadolu գործակալության՝ մասնավորապես, ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա Բեռլինին կոչ է արել միավորել ուժերն Անկարայի հետ՝ Գազայում մարդասիրական հրադադարի հասնելու հարցում։ «Դա հնարավորություն կստեղծի տարածաշրջանը փրկել այս կրակի օղակից», - ասել է Էրդողանը։
Հանդիպման մասին X-ի իր էջում գրառում է կատարել Գերմանիայի կանցլերը, մասնավորապես, նշելով, որ Էրդողանի հետ «մերձավորարևելյան հակամարտության վերաբերյալ շատ տարբեր տեսակետներ ունենք։ Հենց սա է պատճառը, որ ուղիղ զրույցն այդքան կարևոր է»:
«Ես հստակ ասում եմ՝ Իսրայելի գոյության իրավունքն անհերքելի է Գերմանիայի համար։ Մեր երկրում հակասեմականության համար տեղ չկա», - գրել է Շոլցը՝ շարունակելով․ - «Միևնույն ժամանակ մենք ասում ենք՝ յուրաքանչյուր կյանք արժեք ունի. Գազայի խաղաղ բնակչության տառապանքը նույնպես տանջում է մեզ։ Գերմանիան մարդասիրական օգնության ամենամեծ դոնորներից մեկն է, և մենք այժմ կրկին ավելացրել ենք մեր օգնությունը»։
«Համաս»-ի և Իսրայելի ներկայացուցիչները համաձայնեցրել են եռօրյա հրադադարի գործարքը, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ այն կմտնի ուժի մեջ, հայտնել է Al Arabiya հեռուստակայանը:
«Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրոպական միության կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համաս»-ի ծայրահեղականները Գազայի գոտուց սկսեցին հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարեցին, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: «Համասն» էլ հակադարձեց՝ իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով: