Մատչելիության հղումներ

Ռումինիայում բացվել է վերապատրաստման կենտրոն F-16 կործանիչներ վարել պատրաստվող օդաչուների համար


Ռումինիայում՝ Ֆետեշտի ավիաբազայում, Բուխարեստից մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա, երեկ բացվել է ուսումնական կենտրոն ամերիկյան F-16 կործանիչներ վարել պատրաստվող օդաչուների համար:

«Ազատության» ռումինական ծառայության փոխանցմամբ, բացման արարողությանը ներկա են եղել Ռումինիայի և Նիդերլանդների պաշտպանության նախարարները։

Ուսումնական կենտրոնից կօգտվեն ռումինացի, ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների և Ուկրաինայի զինվորականները։ Զրոյից ուսուցումը կտևի մոտ վեց ամիս, իսկ արդեն կործանիչներով աշխատող զինվորականները խորացված վերապատրաստում կանցնեն բազայում:

Ուկրաինան արևմտյան դաշնակիցներից ժամանակակից կործանիչներ է պահանջում 2022 թվականի ռուսական ներխուժման սկզբից ի վեր, սակայն Վաշինգտոնը միայն օգոստոսին է ուկրաինացի օդաչուներին տվել F-16 վարելու թույլտվություն։

Ակնկալվում է, որ Ուկրաինան ամերիկյան կործանիչները կսկսի կիրառել այս տարվա ձմռանից կամ գարնանից ոչ ուշ։ Ռուսական աղբյուրները պնդում են, որ առաջին կործանիչներն արդեն ժամանել են Ուկրաինա, Կիևն ու արևմտյան երկրներն այդ մասին չեն հայտնել։

Միացյալ Նահանգներն ու Դանիան հոկտեմբերին են սկսել վերապատրաստել ուկրաինացի օդաչուներին՝ F-16 ռազմական ինքնաթիռներով թռիչքների համար։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտնել է, որ ուկրաինացի օդաչուներից մի քանիսը հրահանգիչների հսկողությամբ արդեն վարում են այդ ինքնաթիռները։

XS
SM
MD
LG