Մատչելիության հղումներ

Ուկրաինա, F-16, ՆԱՏՕ-ի ընդլայնում՝ Բայդեն-Էրդողան բանակցությունների առանցքային թեմաները


Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Ջոզեֆ Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև այսօր ինդոնեզիական Բալիում կայացած հանդիպումը թեև բավական կարճատև էր, բայցևայնպես, կողմերի տարածած հաղորդագրություններից դատելով, երկու երկրների ղեկավարներին հաջողվել է քննարկել Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների օրակարգում առկա հիմնական վիճահարույց հարցերը։

Դռնփակ հանդիպմանը թուրքական կողմից ներկա էին արտաքին գործերի, պաշտպանության և ֆինանսների նախարարները, ինչը թուրքական մամուլին դեռ մինչև բանակցությունների մեկնարկը հնարավորություն էր տվել կռահելու, թե հատկապես որ խնդիրներն են լինելու Ջոզեֆ Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուշադրության կենտրոնում։ Ուշագրավ է, ի դեպ, որ Բալիի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում՝Apurva Kempinski-ում կայացած բանակցությունների ավարտից քիչ անց կողմերը հանդես եկան միմյանցից որոշակիորեն տարբերվող մամուլի հաղորդագրություններով։

Սպիտակ տան հաղորդագրությունը կազմված էր ընդամենը մեկ պարբերությունից, որում մասնավորաբար նշված էր. - «Նախագահ Բայդենն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Էրդողանին՝ Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման նախաձեռնությունը վերագործարկելուն ուղղված ջանքեր գործադրելու համար։ Երկու նախագահները համաձայնել են, որ Ռուսաստանի կողմից վարվող պատերազմի պայմաններում այդ քայլը կարևոր նշանակություն ունի համաշխարհային շուկայում պարենային անվտանգության հետ կապված կացությունը բարելավելու տեսանկյունից, և որ այդ նախաձեռնությունը պետք է շարունակի կյանքի կոչվել: Զրուցակիցները նաև քննարկել են ՆԱՏՕ-ին վերաբերող խնդիրների շարունակական սերտ համակարգումը և տարածաշրջանային ու գլոբալ մտահոգության առիթ հանդիսացող մի շարք այլ հարցեր», - նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը փոքր-ինչ ծավալուն է և մանրամասներով հարուստ։ Թուրքական կողմը մասնավորաբար հաղորդում է, որ Բայդենն ու Էրդողանն այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին, առևտրային կապերին և անվտանգությանը վերաբերող խնդիրները։ Թուրքական կողմը պնդում է, որ դռնփակ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանին հավաստիացրել է, որ «Սպիտակ տունը շարունակելու է աջակցել Անկարային՝ F-16 ռազմական օդանավերի ձեռքբերման հարցում»։

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունից նաև պարզ է դառնում, որ Բալիում կայացած բանակցությունների ևս մեկ կարևորագույն թեման եղել են այն առարկությունները, որոնցով հանդես է գալիս Անկարան՝ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի Սկանդինավիա ընդլայնման հարցում։

«Բայդենն ընդգծել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիան կարևոր դերակատարություն ունի», - նշված է թուրքական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Էրդողանի աշխատակազմի և Սպիտակ տան հաղորդագրությունների միակ համընկնող կետը, ուկրաինական գյուղմթերքի գործարքից բացի, վերաբերում է կիրակի օրը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանն ու դրա առթիվ Միացյալ Նահանգների նախագահի ցավակցություններին, որոնք նա այսօր անձամբ է փոխանցել իր թուրք պաշտոնակցին։ Այս մասին հաղորդում են թե՛ ամերիկյան և թե՛ թուրքական կողմերը։

Այս դրվագը կարելի էր և անտեսել եթե չլինեին Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույի երեկ հնչեցրած սկանդալային հայտարարությունները։ Էրդողանի ամենաազդեցիկ թիմակիցներից մեկը համարվող Սոյլուն Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից ժամեր անց հայտարարեց, թե թուրքական իշխանությունները չեն ընդունում Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատան ցավակցությունները՝ բաց տեքստով մեղադրելով Վաշինգտոնին քրդական ահաբեկչական կառույցներին ֆինանսավորելու համար։

«Վիճահարույց է մեր դաշնակցությունը մի պետության հետ, որը իր սեփական Սենատի միջոցով գումար է փոխանցում այդ խմբավորումներին, սնում Թուրքիայի խաղաղությունը սասանելու համար աշխատող Քոբանիի ահաբեկչական գոտիները», - հայտարարում էր Սոյլուն։

Անկարայի կողմից հնչեցված պաշտոնական վարկածի համաձայն, Ստամբուլի կենտրոնում կազմակերպված ահաբեկչության թիկունքում կանգնած են Սիրիայի քրդական կառույցները, մասնավորաբար Քրդական բանվորական կուսակցության (PKK) տեղական մասնաճյուղ համարվող «Դեմոկրատական միություն» կուսակցությունը։

Քաղաքական այս ուժի զինված թևը 2014 թվականից ակտիվորեն համագործակցում էր Վաշինգտոնի հետ՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ամերիկացիների գլխավոր դաշնակիցը հանդիսանալով։

Այս ֆոնին խիստ ուշագրավ էր, որ այն նույն ժամերին, երբ Բալիում մեկնարկում էին Բայդեն-Էրդողան բանակցությունները, Անկարայից հստակ ազդակներ հնչեցին, որ Ստամբուլի ահաբեկչությունից հետո թուրքական հարձակումը Սիրիայում գրեթե անխուսափելի է դառնում։

«Թուրքիան պատրաստվում է խոցել Սիրիայի հյուսիսում գտնվող թիրախները՝ Իրաքում ընթացող գործողության ավարտից հետո», - բարձրաստիճան թուրք պաշտոնյաներից մեկի խոսքերն է մեջբերել այսօր Reuters գործակալությունը՝ չբացահայտելով, սակայն, իր զրուցակցի անունը։

«Այս կամ այն կերպ Թուրքիան զտելու է իր հարավային սահմաններին առկա սպառնալիքները», - նշել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, - «Սիրիան Թուրքիայի համար ազգային անվտանգության խնդիր է և այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ ընթանում են»։

XS
SM
MD
LG