Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպմանը «տեղ կգտնեն նաև ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ»


Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպմանը տեղ կգտնեն նաև ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն նախօրեին հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր: Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։

Լրագրողների հարցին, թե Հայաստանը մեծացնո՞ւմ է իր ռազմական համագործակցությունը, իշխանական պատգամավորը պատասխանեց. - «Ցանկացած պետություն իր համագործակցության շրջանակը պետք է մեծացնի, ինչպես նաև քաղաքական հարցերում պետք է ունենա նաև բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն, ու 44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ մենք բոլոր հարթակներում պետք է լուրջ աշխատանք ծավալենք և ոչ միայն ունենանք բարեկամներ, այլև այնպիսի հարաբերություններ, որոնք միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական, որպեսզի մեր սահմաններից սկսած մեր երկրի կայունությանն առնչվող բոլոր հարցերը ստանան իրենց լուծումները»։

Անդրանիկ Քոչարյանը, սակայն, այլ մանրամասներ նախատեսվող համագործակցության մասին չհայտնեց, այդ թվում, թե ռազմական մակատակարարումների պայմանագիրը ինչպես է կնքվելու, ինչպես է դա մտնելու Հայաստան, ինչ ճանապարհով։ Նա ասաց, որ հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովում սկսվում են բյուջետային քննարկումները, կքննարկվեն նաև պաշտպանական ոլորտին առնչվող հարցեր։

XS
SM
MD
LG