ԵՄ ամբողջականացումը պատմական առաքելություն է
Այսօր Եվրոպական հանձնաժողովն ընդունել է 2023 թվականի ընդլայնման փաթեթը, որը մանրամասն գնահատում է Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Թուրքիայի, և, ինչն առաջին անգամ է տեղի ունեցել, Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի առաջընթացը Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։
Մասնավորապես, զեկույցը կենտրոնանում է արդեն իրականացված հիմնարար բարեփոխումների վրա և սահմանում հանձնարարականներ առաջիկայում իրականացվելիք բարեփոխումների համար:
Գնահատելով Ուկրաինայի և Մոլդովայի ձեռք բերած արդյունքները և բարեփոխումների շարունակմանն ուղղված ջանքերը, Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է Խորհրդին սկսել անդամակցության բանակցային գործընթացն այդ երկու պետությունների հետ:
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է Խորհրդին կազմել բանակցային շրջանակներ այն բանից հետո, երբ Ուկրաինան և Մոլդովան կընդունեն մի շարք առանցքային միջոցներ:
Եվրոպական հանձնաժողովը հայտնում է, որ պատրաստ է մինչև 2024 թվականի մարտը այդ միջոցների վերաբերյալ երկու երկրներում կատարված աշխատանքի արդյունքների մասին զեկուցել Խորհրդին:
Փաստաթղթի՝ Վրաստանին առնչվող բաժնում Եվրոպական հանձնաժողովը Խորհրդին առաջարկում է շնորհել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, պայմանով, որ Վրաստանում պարտավորվելու են իրականացնել հստակ աշխատանքներ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ ընդլայնումը կենսական քաղաքականություն է Եվրամիության համար։
«Մեր Միության ամբողջականացումը պատմական առաքելություն է, Միության բնական հորիզոնն է, այն ունի նաև հզոր տնտեսական և աշխարհքաղաքական տրամաբանություն: Նախկինում իրականացված ընդարձակումները վկայում են այն ահռելի օգուտի մաին, որը ստացել են թե՛ անդամակցող երկրները և թե՛ Միությունը: Մենք բոլորս ենք հաղթում», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Չնայած պատերազմին՝ Ուկրաինան առաջ է տանում բարեփոխումները
Զեկույցում ասվում է, որ Ուկրաինայում՝ չնայած պատերազմին, Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակը բարեփոխումների գործընթացին հզոր լիցք է հաղորդել:
Կառավարությունը և խորհրդարանը դրսևորել են ուժեղ կամք անդամակցության հայտով ստանձնած 7 քայլերի կատարման գործում:
Ստեղծվել է Սահմանադրական դատարանի դատավորների նախընտրական թափանցիկ համակարգ, բարեփոխվել են դատական կառավարման մարմինները։ Կարևոր քայլեր են արվել օլիգարխների ազդեցությունը զսպելու ուղղությամբ:
Մոլդովան պայքարում է օլիգարխների դեմ
Մոլդովան առաջընթաց է գրանցել իր ստանձնած 9 քայլերի կատարման հարցում: Բարեփոխվում է արդարադատության համակարգը: Ընդունել է ապաօլիգարխացման գործողությունների ծրագիր, որն իրականացնում է սահմանված ժամկետներում։
Մոլդովան մեծացրել է քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացմանը և ուժեղացրել է մարդու իրավունքների պաշտպանությունը:
Վրացիները պետք է ամբողջովին բարեփոխեն Արդարադատության բարձրագույն խորհուրդը
Վրաստանը վերջին ամիսներին քայլեր է ձեռնարկում Եվրամիության հետ ներգրավվածությունն ուժեղացնելու և բարեփոխումների ընթացքն արագացնելու համար:
Վրաստանն աշխատում է 12 առաջնահերթությունները կատարելու ուղղությամբ և ընդունել է օրենսդրական ակտեր ու քաղաքական գործողություններ գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները հաշվի առնելու վերաբերյալ:
Իրագործվում են դատաիրավական բարեփոխումներ, չնայած դեռևս անհրաժեշտ է ամբողջապես բարեփոխել Արդարադատության բարձրագույն խորհուրդը:
Վրաստանը հաշվի է առնում Վենետիկի հանձնաժողովի տեսակետները և համագործակցում այդ կառույցի հետ ապաօլիգարխացման օրենքների մշակման գործում:
Ընդունվել է մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն և մշակվում է գործողությունների ծրագիր։ Կնքվել է համագործակցության հուշագիր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
«Հզոր միջկուսակցական քաղաքական փոխհամաձայնությունը կնպաստի բևեռացման դեմ պայքարին և կարագացնի Վրաստանի ընթացքը եվրոպական ճանապարհով»,- նշվում է Եվրամիության ընդլայնման հարցով Եվրոպական հանձնաժողովի հրապարակած այսօրվա զեկույցում: