Մատչելիության հղումներ

Հունգարիան արգելափակել է Ուկրաինային 500 միլիոն եվրոյի օգնության տրամադրումը


Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտո, արխիվ
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտո, արխիվ

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Լյուքսեմբուրգում կայացած հավաքում չեն կարողացել համաձայնության հասնել Ուկրաինային 500 միլիոն եվրոյի օգնության հաջորդ տրանշի տրամադրման շուրջ։

Այդ մասին հայտնում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակը։ Նրա խոսքով՝ որոշումն արգելափակել է Հունգարիայի ներկայացուցիչը։

Հունգարիան ևս մեկ անգամ Կիևից պահանջել է երաշխիքներ, որ հունգարական ամենախոշոր բանկերից OTP-ը դուրս կհանվի Ուկրաինայի դեմ «պատերազմի հովանավորների» ցուցակից։

Դրանում ներառվում են միջազգային ընկերություններ, որոնք շարունակում են գործել ռուսական շուկայում։

Այս պահին Ուկրաինայի իշխանությունները կասեցրել են բանկի ընդգրկումը «հովանավորների ցուցակում», սակայն Բուդապեշտը ցանկանում է վստահ լինել, որ բանկի անունը վերստին չի նշվի դրանում:

Նման դեպքեր արդեն եղել են. հունիսին ուկրաինացիները Հունաստանի խնդրանքով ցուցակից հանել են մի շարք հունական նավագնացային ընկերությունների անուններ:

Ուկրաինային 500 միլիոն եվրոյի չափով օգնության փաթեթը պետք է դառնար Եվրոպական Խաղաղության հիմնադրամի փոխանցած ութերորդ մասնաբաժինը:

Այս տարվա հուլիսին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, թե «Հունգարիան չի աջակցի ԵՄ շրջանակում Ուկրաինային զենք մատակարարելու որևէ ֆինանսավորման, քանի դեռ Կիևը OTP բանկը չի հանել պատերազմի հովանավորների ցուցակից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG