Մատչելիության հղումներ

Արցախցիները թոշակներ կստանան Հայաստանի քաղաքացի դառնալուց հետո


Ալվինա Հայրապետյանն իր մեծ ընտանիքի հետ նախ տեղահանվել է Ավետարանոց գյուղից, ապա Ստեփանակերտից։ Հիմա կրտսեր որդու ընտանիքի հետ բնակվում է Արմավիրում, որտեղից այսօր եկել էր Երևան՝ «Արցախ բանկում» թոշակի հետ կապված փաստաթղթեր լրացնելու համար։

«Իմ կարծիքով՝ պիտի ստանամ, ես 40 տարի աշխատել եմ դպրոցում, ո՞նց չպիտի ստանամ», - ասաց Հայրապետյանը:

Արցախի նախկին բնակիչները թոշակներ կստանան Հայաստանի քաղաքացի դառնալուց հետո, մինչ այդ ստանում են սոցիալական աջակցություն՝ միանվագ 100 հազարական դրամ և ամսական 50 հազար դրամ։

Ալվինա Հայրապետյանի ընտանիքի անդամների մեծ մասն արդեն ստացել է սոցիալական աջակցության գումարները։ Իր խոսքով՝ վերջին ամիսներին ապրածի ու կորստի շոկից նոր-նոր սկսել են ուշքի գալ ու մտածել աշխատանք գտնելու մասին։ Թոշակի անցած նախկին ֆիզիկայի ուսուցիչը հույս ունի աշակերտներ ունենալ Արմավիրում։

Տեղյակ են՝ որ պետք է դառնան կա՛մ Հայաստանի քաղաքացի, կա՛մ ստանան փախստականի կարգավիճակ։ Հայաստանից գնալու ցանկություն չունեն, բայց վերջնական որոշում դեռ չեն կայացրել։

«Մենք հայ ենք, Հայաստանում ենք, շատ չենք մտածում, հո չենք մնալու Ադրբեջանում կամ չգիտեմ որտեղ, մենք էստեղ ենք, դեռ չգիտեմ ինչ ենք անելու, դեռ չենք կարողանում կողմնորոշվել, իմ ընտանիքն էլ մեծ է», - ասաց արցախցի Ալվինան:

Կառավարության նիստում այսօր երկար քննարկվեց արցախցիների սոցիալական աջակցության թեման, միանվագ 100 հազարական դրամները արդեն ստացել է 100 հազար մարդ, ևս մոտ 4000 հոգի դեռ կստանա։

«Հարց է առաջացնելու, մենք ասել ենք՝ 100 հազար 600 փախստական ունենք Լեռնային Ղարաբաղից, բայց ձեր ասածից ստացվում է, որ 104 հազար են ստանում 100 հազարները, այս թվաբանության տարբերությունն ի՞նչ բացատրություն ունի», - հարց ուղղեց վարչապետ Փաշինյանը:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը պատասխանեց. - «Պարեն վարչապետ, մենք որոշել ենք, որ պետք է վճարներ տրամադրեինք 2022 թվականի դեկտեմբերի շրջափակումից հետո [եկածներին]»:

Խոսքը Կարմիր խաչի կամ այլ միջոցով շրջափակումից հետո Հայաստան տեղափոխված մարդկանց մասին է, նրանց թիվը, ըստ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի, 4000-ից պակաս է, իսկ մյուսները այն արցախցիներն են, որոնք եկել են սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո, սակայն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով այդ միանվագ աջակցությունը դեռ չեն ստացել։

վարչապետի հարցին՝ թե ե՞րբ կավարտվեն 100 հազարների վճարումները և ինչի՞ հետ են կապված ուշացումները, նախարարը պատասխանեց. - «Հընթացս դիմումների մուտքագրման տարբեր խնդիրներ են առաջացել, օրինակ, եղել են խնդիրներ, երբ մեր հայրենակիցներն իրենց տվյալները լրացրել են, օրինակ, երեխաների մասով զուգահեռ և՛ հայրը, և՛ մայրն են լրացրել ու այնտեղ ծննդյան վկայականի փոխարեն անձնագիր է կցված եղել, մենք ստիպված ենք եղել նորից կապվելու ու ասելու, որ ծնողներից մեկը պետք է գրի, կամ օրինակ, եղել են խնդիրներ բանկային հաշիվների հետ կապված»:

Ստեփանակերտից տեղահանված Նաիրա Գրիգորյանի 3 հոգանոց ընտանիքում բոլորը ստացել են 100 հազարական դրամները։ Ամենամեծ խնդիրն ասում է՝ այն է, մինչ օրս ապրում են օրավարձով։ Գյուղեր գնալ չեն ցանկանում քանի որ երեխան Ստեփանակերտում ռուսական դպրոց է գնացել ու Երևանում կամ Գյումրիում այդպիսի դպրոցում պետք է շարունակի կրթությունը, 2 քաղաքներում էլ տան վարձերը բարձ են։

«Օրավարձով ենք ապրում, օրական վճարում ենք 6000 դրամ», - ասաց Գրիգորյանը:

Արցախցի տեղահանված արդեն 16640 երեխա հաճախում է հանրակրթական դպրոցներ Հայաստանում, նրանցից 5303-ը Երևանում, ավելի քան 11 հազարը՝ մարզերում։ Սակայն դեռ կան երեխաներ, որոնք Հայաստանի դպրոցներում չեն տեղավորվել, ինչպես Նաիրա Գրիգորյանի որդին։ Այս ընտանիքում ևս վերջնական որոշում չեն կայացրել՝ ստանալ ՀՀ քաղաքացիություն, թե փախստականի կարգավիճակ։ Ըստ վարչապետի արդեն մեծ հոսք կա Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, սակայն թե քանի մարդ է դիմել, առայժմ հայտնի չէ։

XS
SM
MD
LG