ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր Եղեգնաձորում շտաբ բացեց՝ տեղեկացնելով, որ դիտորդները տեղակայումից ի վեր արդեն 1000-րդ պարեկությունն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին։ Ու չնայած որոշ բարդությունների, ըստ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի, առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու, Իջևանի ու հիմա արդեն Եղեգնաձորի գրասենյակներից։
«Մեր պարեկությունների միջոցով կարողանում ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի ամբողջ երկայնքով։ Մեր առաքելությունը միջազգային միակ կառույցն է, որ նման գործառույթ ունի։ Անցած շաբաթ 1000-րդ պարեկային շրջայցն իրականացրեցինք՝ փետրվարից ի վեր։ Սահմանամերձ շրջաններում մեր ներկայությամբ նպաստում ենք տեղում լարվածության նվազմանն ու տեղի բնակիչների անվտանգության ապահովման բարձրացմանը», - նշեց Ռիտերը:
Առաքելության ղեկավարն ընդգծեց՝ ողջ ԵՄ-ի և միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում հայ - ադրբեջանական հակամարտությանը և իրենց զեկույցներով նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը։
Ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանին. «Ազատության» այս հարցին Մարկուս Ռիտերը կարճ պատասխանեց. - «Մեր ամենօրյա պարեկային շրջայցերի ժամանակ չի նկատվել լարվածության աճ այս պահին։ Կարծես թե ակնհայտ է, որ այս պահին բավական խաղաղ շրջան է»:
Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը պարբերաբար շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայված է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական վերաբերմունքը։
Մարկուս Ռիտերը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունները, որ առաջիկայում հնարավոր է՝ առաքելությունն ընդլայնվի։ Ասաց՝ այդ հարցերը կքննարկվեն Բրյուսելում մինչև տարեվերջ։ Հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք օրերս ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ հանդիպմանը քննարկել են Նահանգների՝ այս առաքելությանը միանալու հարցը։ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ասաց՝ խոսել են իրավիճակի, դիտորդական առաքելության մանդատի, բայց ոչ ընդլայնման մասին։
«Առաքելությանը միացել է 23 անդամ և դեռ հնարավորություն կա, որ բոլոր 27-ն էլ միանան։ Ինչ վերաբերում է երրորդ պետություններին՝ կարող եմ ասել միայն, որ որոշվել է՝ Կանադայի միանալը, մնացած հնարավոր հետաքրքրությունների, առաքելության ընդլայնման հարցերը, ինչպես ասացի, կքննարկվեն Բրյուսելում մինչև տարեվերջ։ Բայց այս պահին աշնանը տեղի ունեցած դեպքերի հետևանքով առաքելությունը քաղաքական մեծ ուշադրության կենտրոնում է»։
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից մեկը համարեց նաև Եվրամիության պատվիրակության ղեկավարը։ Վասիլիս Մարագոսը հիշեցրեց, որ հոկտեմբերի սկզբին Գրանադայում տեղի ունեցած եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Եվրամիությանը կրկին դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումը և վերստին ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը: