Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունը այսօր նախ հերքեց, ապա հաստատեց, որ Ադրբեջանի զինուժը հրաձգային զենքից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանին պարեկություն իրականացնող եվրոպացի դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ միջադեպը տեղի է ունեցել կեսօրն անց Վերին Շորժայի ուղղությամբ։
Բաքուն հերքում է այս մեղադրանքները։
«Եվրամիության դիտորդները նախապես տեղեկացնում են ադրբեջանական կողմին իրենց տեղաշարժի երթուղին, դրա կոորդինատները, ինչպես նաև մեքենաների համարանիշներն ու տեսակները։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տեղեկացված են առաքելության այցերի մասին, այդ իսկ պատճառով միջադեպը, որի մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեսականորեն և գործնականում հնարավոր չէ»,-հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։