Տեղահանված արցախցի Ռաֆիկ Սարգսյանին Հայաստան է հասցրել Բույան անունով ձին՝ 60-ամյա արցախցու լավ ու վատ օրերի ընկերը։ 24 ժամից ավելի տևած գաղթի տանջալից ճանապարհից հետո երկուսն էլ հիմա Կառնիձորում են։
«Փոքրուց եմ պահել, փոքր ա եղել, համարյա 6-7 ամսականից մինչև հիմա պահում եմ։ Եվ ավելի կպահեմ, ինչքան որ կապրի էլի, կամ՝ ես(խմբ. ապրեմ)», - «Ազատությանն» ասում է նա։
Հիշում է՝ հանգիստ ու սովորական առավոտ էր սեպտեմբերի 19-ին Ասկերանի Բերքաձորում. դուրս էր եկել անասուններին դաշտ տանելու։ Հետո լսվեցին ադրբեջանական առաջին արկերի ձայները. - «Տենց երկու-երեք օր անհանգիստ վիճակում ենք եղել. անընդհատ կրակոցներ, անընդհատ ռմբակոծություններ… Ու հետո խաբար եկավ, որ պետք ա գյուղը թողնենք»։
Արցախում թողել է տունն ու տնտեսությունը, ոչինչ չի կարողացել հետը վերցնի։ Հավաքվելու ժամանակ էլ չկար։ Տունը թողնելու ծանր որոշումն արցախցի տղամարդը կայացնում էր արդեն երրորդ անգամ։
Բերքաձորում միայնակ էր ապրում։ 2014-ին կինը մահացել էր Քելբաջարում, որդիների հետ Աղդամ էին տեղափոխվել, 2020 թվականին էլ՝ Աղդամում թողնելով դժվարությամբ ստեղծած տնտեսությունը Ասկերան էին գնացել։ Պայմանագրային զինծառայող՝ 28 և 22 տարեկան երկու տղաները զոհվել են քառասունչորսօրյա պատերազմում։ Ինքն էլ այդ պատերազմում բեկորային վիրավորում է ստացել ու կորցրել մի աչքի տեսողությունը։ Մարմնի մեջ մնացած բեկորների ցավը, տարիներով ստեղծած ապրուստի կորուստն, ասում է՝ տանելի են. Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում թողած որդիների շիրիմների կորստի հետ հաշտվել չի կարողանում։
«Ամեն տեղ կարաս տուն դնես, տուն ստեղծես, ամեն ինչը կարաս անես։ Դե ճիշտ է՝ տարիքս արդեն մի քիչ էն չի, որ ես նորից թազա կարենամ ինչ-որ բան անեմ, բայց գերեզմաններ էին կարևոր, որը որ անհնարին ա նորից ստեղծելը», - նշում է նա։
«Ամեն ինչ կորցրի, հիմա ընդամենը մի ձի ու մի նոր թոռնիկ ունեմ», - հոգոց է հանում արցախցի տղամարդը, որ հասցրել է մտերմանալ իրեն հյուրընկալած ընտանիքի փոքրի հետ։
Կոռնիձորում Ղահրամանյանների երիտասարդ ընտանիքն է Ռաֆիկ պապին իր հարկի տակ ընդունել։ Տան փոքրը՝ 9-ամյա Օլեգն առաջին է նկատել նոր պապի տխրությունը։
Ընտանիքի հայրը՝ Գրիգոր Ղահրամանյանը, որ գաղթի օրերին Հակարիի կամրջի մոտ օգնում էր դատարկել տեղահանվող արցախցիների համար նախատեսված սննդի մեքենաները, առաջիններից մեկն էր, որ մեքենաների չընդհատվող շարասյան մեջ նկատել էր ձիով եկող ուժասպառ տղամարդուն ու իր տուն բերել։
Երեք անչափահասների հայրն ասում է՝ թեև իր տան պայմանները բավարար չեն, հարմարություններ չունեն, իր ընտանիքն էլ պետության տված նպաստով ու փոքր տնտեսությունից ստացված եկամուտով է պահում, բայց ինչքան պետք է, իր հարկի տակ կհյուրընկալի տան նոր անդամին։
Ռաֆիկ Սարգսյանն ասում է՝ Արցախից դուրս գալիս մտածում էր՝ այստեղ՝ Հայաստանում, փողոցում՝ բաց երկնքի տակ պետք է քնի։ Հիմա գլխին տանիք ունի, քնելու տեղ ու հյուրընկալ ընտանիք։ Արցախ վերադառնալու հույսը, սակայն, մեռել է։ Որքան կմնա Ղահրամանյանների մոտ՝ չգիտի։ Վշտի հետ կռիվ տալով տնից այգի է գնում, զրուցում իր անբաժան ընկերոջ՝ Բույանի հետ, փորձում ապագայի պլաններ գծել. գուցե իրեն օթևան տված ընտանիքին օգնելու համար կարողանա նորից անասուններ պահել, գուցե այգու մի անկյունում փոքր ջերմոց դնի, հող մշակի։ Հետո մտքերը խառնվում են Արցախում ապրած լավ ու վատ հիշողությունների հետ, ամեն օր իրեն տանջող նույն հարցերի մասին է մտածում, ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ է լինելու Ստեփանակերտում մնացած որդիների շիրիմների հետ, ինչ ճակատագիր կունենան անտուն ու անհայրենիք դարձած հարյուր հազար արցախցիները։