Լոռու մարզում հաստատված մի խումբ տեղահանված արցախցիներ պնդում են՝ իրենք պետության կողմից հասանելիք սննդի որևէ օգնություն չեն ստացել։
Լենորա Ավետիսյանն իր 6 հոգանոց ընտանիքով Վանաձորի բնակավայրերից Շահումյան գյուղի բնակիչ է դարձել։ Ասում է՝ բոլոր կարիքների, այդ թվում՝ չոր սննդի մասին գյուղապետարանում նշում արել են, բայց բացի բարեգործներից, իրենց ուրիշ արձագանքող չի եղել։
«Պետությունից ոչ մի բան չենք ստացել, միայն երեկ եկեղեցուց հետո բանկոմատում ստուգել եմ, հարյուրը նստած է եղել», - ասաց նա։
Անցած շաբաթ «Ազատության» եթերում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել էր, որ 10 մարզպետարանները մեկ միլիարդ դրամ են ստացել մարզերում բնակվող արցախցիների բոլոր տեսակի կարիքները հոգալու, այդ թվում՝ ամենօրյա սննդի պաշարով ապահովելու համար։
77 արցախցի Շահումյան է եկել։ Մի մասը վարձով է բնակվում, մյուսներն անբնակ տներում անվճար են տեղավորվել։ «Ազատությանը» հանդիպած երեք ընտանիքներից էլ նշեցին, որ սնունդ ու հիգիենիկ պարագաներ են ստացել Կարմիր խաչից ու «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցից։ Ավելի քան երկու շաբաթ Շահումյանում բնակվող արցախցիները բացի բարեգործական օգնություններից, այլ տեսակի օժանդակություն չեն տեսել։
Շահումյանի վարչական ղեկավար Արարատ Աթոյանը ևս հաստատեց՝ գյուղում միայն բարեգործական հատկացումներ են եղել։ Իսկ պետական աջակցության ծրագրերի մասին գոնե մինչև այսօր ինքն էլ տեղյակ չի եղել. - «Նման ինֆորմացիա ես չունեմ։ Մենք կարողանում ենք ինչ-որ մեզնից, ինձնից, մեր համայնքից ինչ հասնում է՝ ֆիզիկականով, տրանսպորտով, խորհրդակցությամբ, հոսանք միացնելով… դրանցով առաջնորդվում ենք, դրանք առաջ ենք տանում»։
Մարզերում արցախցիների աջակցության ծրագրերը համակարգող տարածքային կառավարման նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանն «Ազատությանն» ասաց՝ մոտ մեկ միլիարդ դրամ ստացած բոլոր 10 մարզպետարանները հստակ հանձնարարականներ են ստացել իրականացվող ծրագրերի մասին։ Նշվել են մեխանիզմները, թե ինչպես պետք է գրանցվեին կարիքները, ինչպես պետք է սնունդն ու այլ անհրաժեշտ պարագաները հասնեին արցախցիներին, այսինքն՝ բոլորի համար շատ պարզ է եղել անելիքը, ու ենթադրվում է, որ այդ հանձնարարականները պետք է փոխանցվեին նաև համայնքներին ու վարչական ղեկավարներին, ասաց Սոնա Հարությունյանը։
«Բռնի տեղահանվածները նշում են, թե ինչի կարիք ունեն, և գույքագրում է վարչական ղեկավարը, տանում, ներկայացնում է համայնքին, համայնքը դիմում է մարզպետարանին, ասում է՝ այսինչ բնակավայրում այս պարագաների կարիք կա, մարզպետարանը գումար է հատկացնում համայնքին, համայնքը այդ գումարով իրականացնում է գնումը և ներկայացնում է, բավարարում է տվյալ բռնի տեղահանվածի կարիքը», - հավելեց նա։
Նախարարության ներկայացուցիչը ենթադրում է, որ արցախցիներն իրենց կարիքների մեջ չեն նշել սննդի մասին։ Մինչդեռ Վանաձորի մեկ այլ բնակավայրի՝ Գուգարքի վարչական ղեկավար Հայկանուշ Սարգսյանն ասում է՝ անձամբ նշել է, որ իրենց գյուղում բնակվող 110 արցախցիների գոնե կեսը սննդի կարիք ունի։ Նա էլ, սակայն, հաստատում է՝ միայն բարեգործական ընկերություններից ստացած օգնություններ են գյուղ հասել։
Շահումյանի վարչական ղեկավար Արարատ Աթոյանն այսօր ասաց նաև, թե վաղվանից տաք սնունդ են հասցնելու իրենց գյուղում հաստատված արցախցիներին, թեև ընտանիքներում պնդում են, թե կարիքների մեջ հիմնականում չոր սնունդն են նշել։ Աթոյանը տեղյակ չէր, թե ինչպես է լինելու տաք սննդի բաշխումը ու թե որ կազմակերպության կողմից։
Լոռու մարզպետի աշխատակազմից ևս «Ազատությանը» դեռ չեն պատասխանել՝ պետության կողմից հատկացված գումարների քանի՞ տոկոսն են ծախսել, ինչի՞ վրա, և ինչու՞ գրանցված առաջին անհրաժեշտության կարիքներին համայնքները դանդաղ են արձագանքում։ Բացի մարզպետարաններին մեկ միլիարդ տրամադրելուց, կառավարությունը նաև միանվագ 100 հազարական դրամ, վեց ամսով էլ 50 հազար տան վարձի ու կոմունալների համար է հատկացնում բոլոր տեղահանված արցախցիներին։