Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հարձակման հետևանքով տասնյակներով արցախցիներ, այդ թվում՝ երեխաներ ու կանայք են խոշտանգվել. ՀՀ ՄԻՊ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյան Միյատովիչը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ժամանակավոր կացարանում, Աղավնաձոր, 17-ը հոկտեմբերի, 2023թ.
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյան Միյատովիչը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ժամանակավոր կացարանում, Աղավնաձոր, 17-ը հոկտեմբերի, 2023թ.

Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով տասնյակներով արցախցիներ, այդ թվում՝ երեխաներ ու կանայք են խոշտանգվել, մարմիններ են անդամախեղվել, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

«Կան Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված բազմաթիվ մարմիններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների և/կամ անդամախեղումների նշաններ: Եվ սա վկայում է, որ այս անձինք, բնականաբար, ենթարկվել են իմ կողմից հիշատակված վերաբերմունքի կոնկրետ տեսակներին, ընդ որում՝ նրանց թվում կան երեխաներ, նրանց թվում կան կանայք», - նշեց օմբուդսմենը:

Մարդու իրավունքների պաշտպանն ասաց՝ այս պահին հստակ թիվ չի կարող նշել. Մանասյանը չի բացառում՝ խոշտանգնման, անդամախեղումների դեպքերը կարող են դեռ արձանագրվածից ավելին լինել։ «Մենք այս պահին փորձում ենք իրականացնել փաստահավաք աշխատանքները, ամփոփել, վերջնական տեսքի բերել, և նաև դա է պատճառը, որ մեր կողմից ներկայացված զեկույցը, հատուկ շեշտադրված է, որ նաև հնարավոր է, որ այս պահին նախնական բնույթ կրի, որովհետև հետագայում հնարավոր է, որ դրանում արձանագրված տեղեկատվությունը որոշակի փոփոխությունների ենթարկվի», - ընդգծեց պաշտպանը:

Թե քանի խաղաղ բնակիչ է զոհվել ադրբեջանական հարձակման հետևանքով, խոշտանգման քանի դեպք է արձանագրվել, քանի անհետ կորած կա, ռազմական գործողություններից ուղիղ մեկ ամիս անց պաշտոնապես չի հստակեցվում։ Ավելի վաղ Արցախի ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ ռազմական գործողության ու սեպտեմբերի 25-ին Ասկերանի վառելիքի պահեստի պայթյունից շուրջ 500 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Պայթյունից 50-ից ավելի արցախցի անհետ կորած է համարվում։

Հայաստանի քննչական կոմիտեից հայտնում են, որ մարդկանց խոշտանգման ու այլ հանցագործությունների դեպքերով փաստահավաք աշխատանքները դեռ շարունակվում են։ Գերատեսչությունից տեղեկացնում են՝ այդ դեպքերը ներառվել են Արցախի շրջափակումից հետո՝ 2022-ի դեկտեմբերին նախաձեռնված քրեական վարույթում։

«Լայն ծավալով իրականացվում են անհրաժեշտ քննչական, ապացուցողական գործողություններ: Հիմնական շեշտադրումը, ինչպես նշեցի, այս պահին դրված է փաստահավաք գործունեության վրա: Այս պահի դրությամբ արդեն իսկ բավականաչափ փաստեր հավաքված են։ Դրանք վերաբերում են ինչպես, այո դիակների խեղմանը, նաև՝ անձանց նկատմամբ բռնությունների իրականացմանը, քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են նաև գերեվարումների դեպքերը՝ ինչպես քաղաքացիական անձանց շրջանակներից, այնպես էլ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առևանգումների հետ կապված», - «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այսօր հայտնեց, որ արցախցիների խոշտանգման ու նրանց նկատմամբ այլ հանցագործություններ արձանագրող իր նախնական զեկույցը որպես հիմնական ապացույց է ներկայացվել է Հաագայի դատարանում՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործում։

«Հրապարակված զեկույցը անգլերեն լեզվով ոչ միայն ուղարկվել է բոլոր գործընկերներին, այլ ներկայացվել է նաև Հաագայի դատարանում՝ որպես հիմնական ապացույց: Իհարկե, ունի փակ հատված՝ սա էլ հատուկ շեշտադրեմ», - ասաց Մանասյանը:

Միջազգային հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ծրագիրն արդեն իրականություն է, ու որ այս պայմաններում նրանց իրավունքները պաշտպանող միջանկյալ միջոցներով միայն հնարավոր կլինի կանխել այդ զտումների շարունակությունը։

Արցախցիների խոշտանգումների դեպքերով Հայաստանի կառավարությունը պատրաստվում է մեկ այլ միջազգային՝ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել, այսօր «Ազատությանը» հայտնեցին Միջազգային հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից։ Երևանի ներկայացրած հայցերին զուգահեռ Բաքվի նկատմամբ մեծանում է միջազգային ճնշումը։

Երեկ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը, ինչպես նաև պայմաններ ստեղծի կամավոր ու անվտանգ վերադարձի համար։ Եվրամիությունը Բաքվից ակնկալում է համաներում բոլոր արցախցիների նկատմամբ:

«Մենք ի գիտություն ընդունեցինք նախագահ Ալիևի հրապարակային արտահայտությունները Ղարաբաղի հայերի հետ խաղաղ ապրելու և նրանց իրավունքները պահպանելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանն ունի հստակ առաջնային պատասխանատվություն բնակչության ճակատագրի համար. Պետք է տրամադրվեն շոշափելի, կոնկրետ և թափանցիկ երաշխիքներ։ Որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց՝ մենք ակնկալում ենք համապարփակ համաներում բոլոր արցախցիների, ներառյալ նրանց ներկայացուցիչների նկատմամբ», - մասնավորապես ասված է հայտարարությունում:

Արցախի անկումից հետո Բաքվի բանտերում են հայտնվել երեք նախկին նախագահներն ու ևս հինգ այլ պաշտոնյաներ։ Նրանց գործերը դեռ դատարան չհասած՝ Իլհամ Ալիևն օրերս Ստեփանակերտում հայտարարել էր, թե նրանք իրենց արժանի պատիժն են ստանալու։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդգծեց՝ Ադրբեջանում բոլոր մակարդակներով խախտվում է նրանց անմեղության կանխավարկածը, բացի այդ, Բաքվում անհնար է արդար դատաքննության կազմակերպումը՝ պետական մակարդակով հովանավորվող հայատյացության պայմաններում։

XS
SM
MD
LG