Մատչելիության հղումներ

Շուրջ 80 հազար մարդու տրամադրվել է 100 հազար դրամ աջակցություն. Նարեկ Մկրտչյան


80 հազարից ավելի արցախցիներ տեղավորվել են Հայաստանի տարբեր մարզերում, ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ շուրջ 80 հազար մարդու տրամադրվել է 100 հազար դրամ աջակցություն:

«Մյուսների դեպքում դեռ պետք է բանկային քարտեր հանեն, մենք ընթացակարգի մասին մանրամասն լուսաբանել ենք», - ասաց Մկրտչյանը՝ նշելով. - «Սա փոխհատուցում չէ, սա առաջնային կարիք է, որովհետև մարդիկ տեղահանվել են շատ հապճեպ»:

Նա հայտնեց, որ մյուս շաբաթվանից էլ կսկսվի կեցության և կոմունալ ծախսերի համար հատկացվող 40 հազար և 10 հազար դրամների տրամադրումը:

Դիտարկմանը, որ որոշ մարդիկ դժգոհում են՝ հատկացվող գումարը չի բավարարում, Մկրտչյանն արձագանքեց. «Մարզերում մեր տարբեր հայրենակիցներ բնակարաններ են գտնում: Տարբեր մարզերում, տարբեր համայնքներում վարձավճարի գները տարբեր են: Մենք նաև կոչ ենք արել մեր հայրենակիցներին, որպեսզի ըմբռնումով մոտենան այս իրավիճակին և հաճախ արհեստական վարձավճարների բարձրացման չգնան»:

Նախարարը նշեց, որ այս պահին նաև ընթանում է միասնական սոցիալական ծառայության կողմից կարիքների գնահատում:

«Այս օրերի ընթացքում անընդհատ մեր հայրենակիցներին խնդրել ենք, հորդորել ենք, որպեսզի հաշվառվեն, Նրանք, ովքեր չեն հաշվառվել Գորիսում, Վայքում irazekum.am հարթակում դրեցինք 60 և ավելի այն համայնքների հասցեներն ու համարները, որտեղ կարող են մոտենալ և անցնել հաշվառում: Դրանից բացի անցումային միասնական սոցիալական ծառայության կայան ստեղծեցինք Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ Երևանին կից, որտեղ միայն այդ կայանով ավելի քանի 5 հազար Լեռնային Ղարաբաղից տեղահանված հաշվառվեց, և հաշվառումից հետո, բնականաբար, ավելի հեշտ եղավ նույնականացնել նրանց և տրամադրել այն աջակցությունները, որոնք հայտարարվել են», - ասաց նա:

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հաղորդումն ամբողջությամբ՝ ներքևում.

XS
SM
MD
LG